ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգևներ է հանձնել 2017թ. ամռանը հանրապետության տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ անձանց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը և փ/ծ գնդապետ Արթուր Խաչիկյանը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին ՀՀ Նախագահը շնորհել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ Նախագահը պարգևատրել է նաև Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին:
Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ, ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար ՖՊԲՀ «ԱՓԿ ԱԻՆ Ռուսաստան» փրկարարական-ավիացիոն ջոկատի հրամանատար Եվգենի Սերիխը և թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Պերելիգինը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել են Արիության մեդալով:
Անկախության տոնի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես ասել է.
– Անկախության տոնն իսկապես այն առանձնահատուկ օրն է, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի ամփոփել անցած տարում իր արածն ու չարածը: Անկախության ամեն մի տարեդարձ, իմ կարծիքով, առիթ է հաշվետվության. նախ՝ ինքդ քո առջև, ապա՝ գործընկերներիդ և վերջապես՝ ողջ հասարակության առջև:
Ուրախ եմ, որ այսօր մենք մեծարում ենք նրանց, ովքեր ոչ միայն անցնող տարում, այլև իրենց ողջ կյանքում աշխատել են նվիրումով, ծառայել են երկրին ու հանրությանը և արձանագրել լուրջ հաջողություններ իրենց ասպարեզներում: Ես այսօր չեմ առանձնացնում ոչ մի մասնագիտություն: Բոլորն էլ, ի վերջո, ծառայում են նույն նպատակին և անում մեկ ընդհանուր գործ, որ կոչվում է Հայաստանի համակողմանի վերելք:
Սիրելի՜ պարգևատրվածներ, այն, ինչին դուք այսօր արժանանում եք՝ մեդալների, շքանշանների և կոչումների տեսքով, իշխանությունների բարեհաճություն կամ նվեր չէ: Դրանք մեր ողջ ժողովրդի և երկրի գնահատականն են ձեր կարևոր և շնորհակալ գործունեությանը: