Հաշմանդամություն ունեցող անձիք պետք է ունենան իրենց իրավունքներն անկախ իրացնելու հնարավորություն․ Լուսինե Սարգսյան

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության  և «Եվրախորհրդի չափանիշների քարոզչության կենտրոն» (ACCESS) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանում անց է կացվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանությանը նվիրված երկօրյա համաժողով։

Միջոցառումը կազմակերպվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանություն՝ հայկական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու և վերջիններիս Եվրախորհրդի մոնիթորինգային մեխանիզմներին մասնակից դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում։

Համաժողովին մասնակիցում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի եվրոպական և հայաստանյան փորձագետներ, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ կառավարության, տեղական և միջազգային  կազմակերպությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարդու իրավունքների հետազոտությունների և կրթության կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ Նա կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց՝ սեփական իրավունքներն անկախ իրացնելու հնարավորությունը:

Ի թիվս այլ թեմաների՝ համաժողովում այսօր ներկայացվել է 2017 թվականի մայիսին Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական իրավունքների պաշտպանության խորքային ուսումնասիրություն իրականացրած եվրոպական և հայաստանյան փորձագետների վերլուծության արդյունքները, առաջարկները և կոնկրետ գործողությունները, որոնք  պետական մարմինների ներկայացուցիչները կօգտագործեն՝  բարելավելու իրավական  դաշտը և դրան աջակցող մեխանիզմները:

Մեկնաբանություններ