Մայրաքաղաքում շարունակվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերին փակցված գովազդային ցուցանակների և մայրաքաղաքի տարածքում արտաքին գովազդի կանոնակարգման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ ըստ սահմանված ժամանակացույցի իրականացվում են շրջայցեր և հանդիպում-քննարկումներ մայրաքաղաքի պատմամշակութային արժեք ներկայացնող 60 շենքերում գործունեություն ծավալող շուրջ 300 տնտեսվարողների հետ: Տեղում նրանց տրվում են պարզաբանումներ գովազդների համապատասխանեցման վերաբերյալ: Դավիթ Օհանյանի փոխանցմամբ, մինչև սեպտեմբերի 11-ը տնտեսվարողներին ժամկետ է տրվել նախկին գովազդները ապամոնտաժելու և դրանք պատմամշակութային շենքերի գովազդների անձնագրերի պահանջներին համապատասխանեցնելու համար:
ՀՀ քաղքապետարանի պաշտոնական կայքէջի հաղորդմամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացը՝ հաշվի առնելով տնտեսվարողների կողմից ներկայացվող ողջամիտ առաջարկները:
«Փողոց առ փողոց գովազդների տեղադրումը կանոնակարգելուն ուղղված այս գործընթացը մայրաքաղաքում առաջին անգամ է իրականացվում: Թեև մտահոգություն կար, որ կարող են լինեն դժգոհություններ, սակայն ուրախությամբ պետք է փաստենք, որ տնտեսվարողները հիմնականում ողջունեցին մեր այս նախաձեռնությունն ու իրենց պատրաստակամությունը հայտնեցին այս ծրագիրն օր առաջ կյանքի կոչելուն աջակցելու հարցում», – ընդգծել է Տարոն Մարգարյանը: