«Այսօր մեզ բերել և նստացրել են իրենց ուզած տեղը». միջադեպ և վիճաբանություն Սասնա ծռերի գործով նիստին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին վերադարձնել դատական նիստերի դահլիճ,  որպեսզի ինքը կարողանա գործում ներգրավվել որպես պաշտպան: Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ որոշեց միջնորդությունը թողնել առանց քննության՝ հայտնելով, որ նման միջնորդությամբ կարող է հանդես գալ միայն նրա պաշտպանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արեգ Կյուրեղյանը նախկինում  հրաժարվել է ձեզանից, դուք  այս պահին չեք հանդիսանում նրա պաշտպանը և այդ միջնորդությամբ հանդես գալ չեք կարող: Արեգ Կյուրեղյանն այս պահին ապահովված է պաշտպանով և նրա պաշտպանությունն իրականացնում են հանարային պաշտպանները»:

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը. «Արդեն քանի գիշեր է՝ չեմ կարողանում քնել: Երազիս գալիս են Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, Ուրֆանյանը, և գիշերը գորռում են, որ ես հադուրժում եմ դատարանում մեղադրողին: Ես համարում եմ Պետրոս Պետրոսյանին՝ որպես մի հատ թուրք սելջուկ, այս դատարանում»:

Պավլիկ Մանուկյանին ընդհատեց դատավորը՝ նախազգուշացում կիրառելով նրա նկատմամբ:

«Դուք գիտեք, որ նախազգուշացումով ինձ չեք կարող կանխել: Դուք ուղղակի մեզ ծաղրում եք: Ոչ մի «հարգելի դատարան» գոյություն չունի»,- իր խոսքում նշեց Պավլիկ Մանուկյանը:

Նախազգուշացում հայտարարվեց  նաև Սմբատ Բարսեղյանին՝ վիրավորական արտահայտություններ անելու համար:

«Դուք, փաստորեն, չեք էլ հասկանում, որն է վիրավորական, որը՝ ոչ»,- ի պատասխան դատավորին ասաց Սմբատ Բարսեղյանը:

Այնուհետև դատարանին դիմեց Արայիկ Խանդոյանը՝ նշելով, որ գոյություն չունի ո՛չ Ազգային ժողով, ո՛չ էլ դատարան. «Մեր համար իրոք ցավ է, իրոք ափսոսում ենք, որ մենք կույր ենք եղել:  Այսօր մեզ  բերել  և նստացրել են իրենց ուզած տեղը»:

Խանդոյանի նկատամամբ նույնպես դատավորը նախազգուշացում կիրառեց։ Ի պատասխան դատավորի, Խանդոյանը հայտնեց, որ ինքն իր ցավն է արտահայտում:

«Որևէ մեկը չի կարող  ասել, որ ձեր ինքնասիրությունը իմից բարձր է: Ձեր ցավն արտահայտեք ուրիշներին  չվիրավորելով»,- ասաց դատավորը:

«Պարոն Մակյան շատ լավ է, որ դուք շատ ուշադիր եք: Բայց,  երբ երկրի վարչապետը հայտարարեց, որ անորակ սալյարկայի և «ակումլյատորի» պատճառով «Ապրիլյան քառօրյա»-ում մենք տանուլ տվեցինք և ունեցանք թանկարժեք զոհեր, դուք որպես դատավոր այդ գործին կարող էիք ընթացք տալ: Իմ խորհին համոզմամբ՝ դուք  հասել եք այսօրվան, որովհետև երկրի պաշտպանության գործում ոչ մի դատախազի և դատավորի զավակ ներկա չի գտնվել »,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

Դատավորը որոշեց վերջինիս նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ մեկ ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Նշենք, որ նիստի ընթացքում տեղի ունեցավ միջադեպ «Սասնա ծռեր»-ի համակիրներից մեկի և կարգադրիչների միջև:

Կարգադրիչների կողմից դատավոր Մեսրոպ Մակյանին գրություն էր ուղարկվել, որում նշվում էր, որ դաահլիճում գտնվող կանանցից մեկը՝ Ստելլա Աղաջանյանը, բղավում և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում դատարանի հասցեին: Դատավորը կնոջը նախազգուշացրեց նման կերպ իրեն չպահել, սակայն վերջինս շարունակեց դատավորին զուգահեռ բղավել և հայհոյել, ինչի համար դատավորը որոշեց նրան հեռացնել նիստերի դահլիճից:

Ստելլա Աղաջանյանը հրաժարվեց ինքնակամ լքել նիստերի դահլիճը, ինչի համար կարգադրիչները նրա նկատմամբ ուժ կիրառեցին և դուրս հանեցին դատարանի շենքից: Վերջինս շարունակում էր բղավել և վիրավորել կարգադրիչներին:

Նշենք, որ մի քանի կարգադրիչներ հայտնեցին, որ Ստելլա Աղաջանյանը ալկոհոլի ազդեցության տակ է գտնվում:

Այնուհետև շարունակվեց ապացույցների հետազոտումը: