«Սասնա Ծռերի» գործով պաշտպանները հանդես եկան դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով հերթական դատական նիստը:

Նախքան նիստերի դահլիճ գնալը պաշտպանները բախվեցին նույն խնդրին՝ ինչ նախորդ նիստերի ժամանակ: Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հրաժարվեց զննությունից` կարգադրիչներից պահանջելով արգելված իրերի ցանկը: Վերջինս պատասխանելով լրագրողների հարցերին հայտնեց, որ ցանակնում է ներս մտնել, սակայն իրեն թույլ չեն տալիս:

«Եթե ես հիմա գրիչը դնեմ հետո կարող է պարզվել, որ  ուրիշ առարկաներ էլ են  արգելված: Դա նրանից է, որ չկա որևէ որոշում, որի մեջ նշված կլինեն այն իրերը, որոնք չի կարելի ներս մտցնել»,- ասաց նա:

Այս անգամ ևս նիստն սկսվեց ուշացումով, որից հետո Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգտրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ իրենք միջնորդություններ են  ներկայացրել  դատարան, համաձայն որի` իր պաշտպանյալը, ծանր առողջական վիճակի պատճառով ի վիճակի չէ գալ դատարան: Ի պատասխան միջնորդությանը՝ դատավորը հայտնեց, որ դա անհնար է և ամբաստանյալը պարտավոր է ներկայանալ  դատարան, որից հետո պաշտպանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն: Մյուս պաշտպանները ևս միացան ինքնաբացարկի միջնորդությանը: Պավել Մանուկյանի պաշտպան  Ինեսսա Պետրոսյանը հայտնեց, որ Կարո Եղնուկյանի նկատմամբ դատարանը իրականացրել է անմարդկային վերաբերմունք և ինքնաբացարկի միջնորդությունը հիմնավորված է: Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց միջնորդությանը:

Դատարանը հեռացավ դատական ակտ կայացնելու, որից հետո Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը:

Այնուհետև դատարան բերվեցին ամբաստանյալներ  Գագիկ Եղաիազարյանը և Արայիկ Խանդոյանը, քանի որ լրացել էր նրանց դեմ կիրառված  սանկցիայի ժամկետը:

Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտնեց, որ ինքը լիազորված չէ ներկա գտնվել նիստին առանց իր պաշտպանյալի և ցանկանում է լքել նիստերի դահլիճը, սակայն  դատավորը հայտնեց, որ թույլ չի տալիս պաշտպանին լքել նիստերի դահլիճը. «Դուք պարտավոր եք ներկա գտնվել նիստին անկախ ամեն ինչից»:

Այնուհետև նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը և Պավել Մանուկյանը, որոնց դահլիճում գտնվողները ծափահարություններով ընդունեցին:

«Իմ պաշտպաններին երազում են Հայաստանի բոլոր քաղբանտարկյալները: Ես իմ պաշտպաններին խիստ եմ սիրում»,- այս մասին ասաց Պավել Մանուկյանը ի պատասխան դատավորի այն հարցին, արդյո՞ք հրաժարվում է ամբաստանյալն իր պաշտպաններից, թե՞ ոչ: Պավել Մանուկյանը նաև հայտնեց, որ, եթե  իր բացակայության ժամանակ իր պաշտպանները մասնակցեն դատական գործընթացին ինքը բողոքարկելու է փաստաբանների պալատ:

Դատարանը հայտնեց, որ Արեգ Կյուրեղյանի գործով ներգրավվել է հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, սակայն ամբաստանյալը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից:

Այս որոշմանը դեմ արտահայտվեց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հայտնելով, որ սա անօրինական քայլ է. «Դուք ներգրավում եք պաշտպաններին լրիվ անօրինական ճանապարհով, իմանալով, որ նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց շահերը պաշտպանեն հանրային պաշտպանները»,- ասաց նա:

Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հայտնեց, որ ինքը ցանկանում է միջնորդություն ներկայացնել, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը թույլ չտվեց՝ հայտնելով, որ արգելում է նրան միջնորդությամբ հանդես գալ: Պաշտպանը դատավորին պատասխանեց, որ նա չի կարող արգելել իրեն խոսել և ներկայացնել իր միջնորդությունը, որից հետո դատարանը պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառեց: Այս միջադեպը առաջացրեց բոլոր պաշտպանների  դժգոհությանը, և նրանք լքեցին նիստերի դահլիճը: Նիստն ընդհատվեց:

Ընդմիջումից հետո Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նիստերի դահլիճը լքած պաշտպաններ` Ինեսսա Պետրոսյանի, Լուսինե Սահակյանի, Հրանտ Գևորգյանի,  Արայիկ Պապիկյանի, Արմինե Ֆանյանի, Աննա Ջուվանովայի, Հարություն Բաղդասարյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:

Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 32 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ