Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների կատարման նկատմամբ: Նշվել է, որ նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 15 դեպք: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ:
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում էլ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Նախկինում արձանագրված մեկ դեպքի մասով կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել աշխատանքներն այս ուղղությամբ, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացնել հսկողությունը շինանյութ տեղափոխող ընկերությունների նկատմամբ:
«Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ խիստ վերահսկողություն սահմանեք շինանյութ տեղափոխող մեքենաների նկատմամբ: Ուղղակի աններելի է, երբ որոշ շինարարական կազմակերպություններ խախտում են սահմանցված կարգն ու աղտոտում են քաղաքի փողոցները: Մեկ անգամ ևս խստորեն նախազգուշացրեք շինարարական բոլոր կազմակերպություններին, որ պահպանեն սահմանված կարգը: Իսկ ովքեր կշարունակեն սահմանված կարգի խախտումով շինանյութերի տեղափոխում իրականացնել, անմիջապես ենթարկեք վարչական տույժերի: Որևէ մեկը պարտավոր չէ մաքրել իրենց անփութության հետևանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: