Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը պարզվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Սիլիկյան թաղամասում հայտնաբերված այրված դիակի ինքնությունը:

Հիշեցնենք, որ դիակը հայտնաբերվել է 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3 գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, մետաղական լարով կապված և այրված: Զննությամբ դիակի պարանոցի հատվածին հայտնաբերվել էին նաև կտրած-ծակած վնասվածքներ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է այրված դիակի ինքնությունը, ով Երևանի բնակիչ Մ.Վարդանյանն է՝ ծնված 1998թ.:

Երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու նպատակով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ այս պահին քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Դիակի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկված միջոցառումների շրջանակներում նախօրեին տարածել էինք նաև տուժածի մարմնի վրա արձանագրված դաջվածքների լուսանկարները՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:

Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով