Շարունակվում են միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքները

Համաձայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի` համապատասխան աշխատանքային խումբը շարունակում է հողի և գույքի վարձակալության, ինչպես նաև կառուցապատման միասնական բազաների ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Միջազգային վարկային ծրագրերով իրականացվող աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Հանձնարարվել է կատարվող աշխատանքների ընթացքը պահել մշտական վերահսկողության ներքո՝ խստորեն հետևելով որակի ապահովմանը:

Նախորդ շաբաթ քաղաքային տնտեսության մի շարք ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքների հետ կապված զեկուցվել է, որ մասնավորապես, ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 4 դեպք, որոնց հետևանքները վերացվել են: Վարչական շրջանների ղեկավարներին և պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 8 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող մեկ կրպակ: Սեզոնային գործոնով պայմանավորված ապօրինի առևտրի ակտիվացումը կանխարգելելու նպատակով հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը:
Քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց կողմից աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա աշխատանքների արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 14 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է վարչական շրջանների հետ շարունակել ամենօրյա աշխատանքներն ու խստորեն հետևել սահմանված ժամանակացույցի համաձայն սանմաքրման աշխատանքների պատշաճ իրականացմանը:
Մայրաքաղաքի տարածքում գտնվող աղբավայրերում շարունակվում են խստացված հերթապահությունները՝ հնարավոր հրդեհները կանխարգելելու և ծխահարումից խուսափելու նպատակով:

Այս համատեքստում զեկուցվել է, որ իրականացվում են աղբավայրերի հողածածկման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում, ԱԻՆ համապատասխան ծառայությունների հետ համատեղ, կազմակերպվում է նաև աղբավայրերում նկատված հրդեհների օջախների արագ մեկուսացում և հրդեհաշիջում: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հերթապահությունները:

Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում շարունակվում են մաքրման, խոտհնձի, կրապատման, ծաղկապատման, ինչպես նաև ծառերի բուժման ու ձևավորման աշխատանքները: Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները՝ հանձնարարվել է շարունակել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և ծաղկապատ հատվածների եռահերթ ոռոգման ապահովումը:

Խորհրդակցության շրջանակում նաև զեկուցվել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագիրը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով շարունակվում է համագործակցությունը նախարարության համապատասխան ծառայությունների հետ:

Ըստ այդմ նշվել է, որ ծրագրի անցած 7 փուլերի ընթացքում մայրաքաղաքի 88 հյուրընկալ ընտանիքներ արդեն իսկ ընդունել են 117 երեխաների: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել նախարարության հետ իրականացվող աշխատանքների ընթացքն ու ծրագրի վերջին՝ 8-րդ փուլից հետո զեկուցել արդյունքների մասին:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ