Գյումրիում ընտանիքի սպանության համար կասկածվողը հայտնաբերվել է և ցուցմունքներ է տվել

permyakovՀունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար կասկածվող` ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից` հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս: Ինչպես այդ մասին հաղորդում է «News.am»-ը, Պերմյակովին հաջողվել է հայտնաբերել սահմանի` Բայանդուր գյուղի հատվածում:  

Կայքի հետ զրույցում ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը` նշելով, որ կասկածյալին բռնել են սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում:

Պերմյակովին հայտնաբերելուց և բռնելուց հետո սահմանապահները նրան հանձնել են ռազմաբազայի հրամանատարությանը, այդ մասին «News.am»-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:

Այժմ ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում են և արդեն հարցաքննել են Պերմյակովին: Այդ մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ և պատմել է, որ դուրս է եկել պահակակետից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել, իսկ այնուհետև տեղի է ունեցել այն, ինչ եղել է:

Հունան Պողոսյանի տեղեկացմամբ` այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը:

Նյութի մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ահազանգ էր ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.):

Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն (Ավստրիական հիվանդանոց)։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ 

Մեկնաբանություններ