Նոյեմբերի 26-ը Տեղեկատվության համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդներում գլխավոր խորհրդատվական կարագավիճակ ունեցող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի և Տեղեկատվագիտական համաշխարհային խորհրդարանի նախաձեռնությամբ 1994 թվականից նոյեմբերի 26-ը նշվում է որպես Տեղեկատվության համաշխարհային օր (World Information Day)։ 1992 թվականի այդ օրը կայացել է Ինֆորմատիզացիայի միջազգային առաջին համաժողովը։ Այսօր Տեղեկատվության համաշխարհային օրը նշվում է աշխարհի շատ երկրներում։

Տեղեկատվությունը՝ լայն իմաստով, մարդկանց կողմից բանավոր, գրավոր կամ որևէ այլ եղանակով (պայմանական ազդանշաններով, տեխնիկական միջոցների օգտագործմամբ) այլ  մարդկանց փոխանցվող տեղեկությունն է, ինչպես նաև՝ այդ տեղեկությունների փոխանցման կամ ստացման բուն գործընթացը։

Տեղեկատվությունը միշտ շատ մեծ դեր է խաղացել մարդկության կյանքում։ Իսկ 20-րդ դարի կեսերից, սոցիալական առաջընթացի և գիտության ու տեխնիկայի բուռն զարգացման արդյունքում, տեղեկատվության դերն աննախադեպ բարձրացել է։

Վերջին շրջանում հոգեբանները սկսել են խոսել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաներից և բուն ստացվող տեղեկատվությունից օգտվել չիմանալը, իսկ ավելի ճիշտ՝ դրա որակը և ծավալը վերահսկել չկարողանալը հանգեցնում է, այսպես կոչված, «տեղեկատվական սթրեսի», ինչը կարող է հղի լինել ինչպես սոցիալական հետևանքներով, այնպես էլ առողջական խնդիրներով։

Մեկնաբանություններ