ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում քննարկվել է Ղրիմում մարդու իրավունքների հարցը։ Հայաստանն ու ավելի քան 20 երկիր դեմ են քվեարկել ՄԱԿ–ի`Ղրիմի վերաբերյալ բանաձևին։
Գլխավոր վեհաժողովի հանձնաժողովի նիստում, որը կայացել է Նյու Յորքում, քննարկվել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում և Սևաստոպոլ քաղաքում (Ուկրաինա) մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը» անվանումով փաստաթղթի նորացված նախագիծը։ Այս մասին նշված է ՄԱԿ–ի պաշտոնական կայքում։
Ընդհանուր առմամբ բանաձևին դեմ են քվեարկել 23 երկիր` Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Կամբոջան, Կոտ դ’Իվուարը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մյանման, Նիկարագուն, Ֆիլիպինները, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Ուգանդան, Վենեսուելան և Զիմբաբվեն։ Բանաձևի նախագիծը վերջնականապես կքննարկվի այս տարվա դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ հանձնաժողովի նիստում։
Հիշեցնենք, որ Հայաստանը հետևողականորեն չի աջակցում Ղրիմի վերաբերյալ ՄԱԿ–ի հակառուսական բանաձևերին։ Այսպես, 2018թ–ի դեկտեմբերին Երևանը դեմ էր քվեարկել «Ղրիմի ռազմականացման խնդրի» մասին փաստաթղթին (Թուրքիան կողմ էր քվեարկել, Ադրբեջանը` ձեռնպահ մնացել)։