Ռուսաստանի և Թուրքիայի բանակային ստորաբաժանումները նոյեմբերի 5-ին երկրորդ անգամ համատեղ պարեկային ծառայություն իրականացրեցին Սիրիայի հյուսիսում` կյանքի կոչելով երկու շաբաթ առաջ Սոչիում նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կնքված համաձայնագրի առանցքային դրույթներից մեկը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում ասված է․-«Թուրքական և ռուսական ստորաբաժանումները, անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ, ավարտեցին ցամաքային երկրորդ պարեկությունը Եփրատ գետից արևելք ընկած շրջանում: Այն-էլ-Արաբ քաղաքի մերձակայքում իրականացված հերթապահությանը մասնակցել է ութ միավոր զրահատեխնիկա՝ չորս միավոր յուրաքանչյուր կողմից: Ռուս-թուրքական համատեղ պարեկության երթուղու ընդհանուր երկարությունը 73 կիլոմետր է կազմել»:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ, սակայն, շրջանցել է պարեկության ընթացքում տեղի ունեցած միջադեպը: Քոբանի քաղաքում տեղի բնակիչները` հիմնականում մի քանի տասնյակ քուրդ երիտասարդներ, քարկոծել են համատեղ ռուս-թուրքական շարասյունը: Միջադեպի տեսանյութը երեկոյան կողմ տարածել են լրատվամիջոցները:
Չնայած Անկարայի և Մոսկվայի` Սիրիայի քրդաբնակ շրջաններում ծավալվող համագործակցությանը, Ռեջեփ Էրդողանը շարունակում է դժգոհություններ հայտնել` պնդելով, որ ռուսական կողմը, չնայած Սոչիում տրված խոստմանը, քրդական ջոկատները դուրս չի բերել Թուրքիային հարող 30 կիլոմետրանոց գոտուց:
«Մենք գիտենք, որ ահաբեկիչներ կան երկու կողմում էլ, այդ թվում՝ որպես անվտանգության գոտի նախանշված տարածքի ներսում: Այս տարածքները ահաբեկիչներից դեռ չեն զտվել»,-հայտարարում էր Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ իր դժգոհություններն առնչվում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգների քաղաքականությանը: Սիրիայի տարածքում մնացած ամերիկյան ստորաբաժանումները, որոնք, ըստ նախագահ Դոնալդ Թրամփի, պետք է հսկեն այստեղ գտնվող նավթահորերը, շարունակում են համագործակցել քրդերի հետ:
«Ցավոք սրտի, Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել քրդական «Ժողովրդական պաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միություն» կուսակցության հետ: Նրանք համատեղ պարեկություն են իրականացնում: Ինչպե՞ս կարելի է բացատրել այն հանգամանքը, որ ամերիկյան ստորաբաժանումները պարեկային ծառայություն են իրականացնում ահաբեկիչների հետ: Մենք ամերիկացիների հետ նման պայմանավորվածություն չենք ունեցել», – հայտարարում էր Էրդողանը` հատուկ զգուշացնելով․ – «Ռուսների և ամերիկացիների հետ ձեռք բերված համաձայնագրերը ուժի մեջ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց հետևում են Մոսկվան և Վաշինգտոնը»: