Դիմումատուն՝ Վլադիմիր Կիսլովը, ազգությամբ բելառուս է, ծնվել է 1974 թվականին: Նրա ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ, սակայն, ըստ երևույթին, նա բնակվում է Ռուսաստանում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իրեն Բելառուսի իշխանություններին արտահանձնելու մասին որոշմանը։
2005 թվականի դեկտեմբերին Բելառուսի դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝ կաշառք վերցնելու համար։ Դատարանը պարզել է, որ Պետական ձեռնարկության Մինսկի շրջանի մասնաճյուղում աշխատելու ժամանակաշրջանում Դիմումատուն կաշառք է վերցրել և դատապարտել է վերջինիս 7 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի հսկողության բանտում։ Դիմումատուն պնդել է, որ իր նկատմամբ կեղծ մեղադրանք է առաջադրվել վրեժխնդրության մոտիվներով՝ քանի որ նա բազմիցս քննադատել է ընկերության վերադաս մարմիններին` կաշառակերության համար։
2005 թվականի մարտին Դիմումատուն ժամանել է քաղաք Մոսկվա։ Նա հայտարարել է, որ լքել է Բելառուսը տեղի իշխանությունների կողմից իրականացված հետապնդումների և ոտնձգությունների պատճառով: 2009 թվականի հուլիսին Դիմումատուն ձերբակալվել է Ռուսաստանում։ Նույն թվականի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը Դիմումատուին արտահանձնել է Բելառուսի իշխանություններին։ Նշենք, որ արտահանձնում նշանակում է պետության կողմից՝ իր տարածքից դուրս և մեկ այլ պետության իրավազորության սահմաններում հանցագործության համար մեղադրված կամ դատապարտված անձին պաշտոնապես փոխանցելը մյուս պետությանը՝ դատավարության և պատժի իրականացման նպատակով։
Դիմումատուն բողոքել է Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշման դեմ։ Դատական նիստի ժամանակ նրա փաստաբանը հայտարարել է, որ կեղծ մեղադրանքների պատճառով Դիմումատուն կարող է ենթարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված խոշտանգումների։ Այնուամենայնիվ, Դատարանը մերժել է Դիմումատուի բողոքը։ Վերջինս որոշ ժամանակ թաքնվել է, սակայն, 2016 թվականի մարտ ամսվա դրությամբ նա դեռևս գտնվել է Ռուսաստանում։
Բելառուսի օրենսդրությունում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով 2010 թվականի հուլիսին Դիմումատուին նշանակված ազատազրկման պատժի ժամկետը կրճատվել է 7 տարուց մինչև 4 տարի։ Դիմումատուն բազմից դիմումներ և բողոքներ է ներկայացրել՝ իրեն ազատազրկելու մասին որոշումը վերանայելու և հետաքննություն իրականացնելու խնդրանքով, սակայն, Բելառուսի ներպետական դատական ատյանները մերժել են դրանք։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի խախտում։ Դիմումատուն բողոքել է նաև 2009 թվականի օգոստոսի 16-ից մինչև նոյեմբերի 13 իրեն Ռուսաստանում կալանքի տակ պահելու մասին։
Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 10․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։ Դիմումատուին Բելառուս արտահանձնելու որոշումը հետաձգելու վերաբերյալ միջանկյալ միջոցը վերացվել է։