Օգոստոսի 30-ը Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օրն է

Բռնությամբ անհետացումը հաճախ օգտագործվում է որպես համայնքներում ահաբեկչության տարածման ռազմավարություն: Ժամանակին լինելով հիմնա­կանում ռազմական բռնապետությունների հետևանքը՝ բռնությամբ անհետա­ցումը դարձել է համաշխարհային խնդիր: Բռնությամբ անհետա­ցած անձանց միջազգային օրն ընդգծում է այս երևույթի առաջացրած վտանգվածությունն աշխարհում և դրա ազդեցությունը ոչ միայն անհետա­ցած­ների հարազատ­նե­րի, այլև նրանց համայնքների և ամբողջ հասարակության վրա: Այս օրը ՄԱԿ-ը կոչ է անում պետություններին ամրապնդելու մարդու իրավունքների ոտնահա­րման կանխարգելմանն ուղղված օրենք­ները և աջակցելու Բռնությամբ անհե­տացած բոլոր անձանց պաշտպա­նության մասին միջազգային կոնվենցիային:

2010 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է օգոստոսի 30-ը՝ Բռնությամբ անհետացած անձանց միջազգային օր։ ՄԱԿ-ում կարծում են, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բնակչության առավել խոցելի խավի ներկայացուցիչների անվտանգությանն ու պաշտպանությանը, մասնավորապես՝ երեխաների և սահմանափակ կարողություններով անձանց։ Առավել հայտնի են այնպիսի դեպքեր, երբ շարունակական ոտնձգությունների են ենթարկվում մարդու իրավունքների պաշտպանները, տուժողների հարազատները և բռնությամբ անհետացած անձանց գործերին ներգրավված փաստաբաններն ու վկաները։ Ցավոք, բռնությամբ անհետացման դեպքերը դեռևս լավ չեն քննվում և չեն պատժվում։

Հաշվի առնելով ՄԱԿ-ի Կանոնադրության շրջանակներում պետությունների` մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքին և պահպանմանն աջակցելու պարտավորությունը` մի շարք պետություններ վավերացրել են Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան: Հայաստանի համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 23-ին։