Բոնդարն ընդդեմ Ուկրաինայի

Դիմումատուն՝ Միխայլո Բոնդարը, ազգությամբ ուկրաինացի է, ծնվել է 1960 թվականին։ Դիմումատուն մահացել է 2012 թվականին, և նրա մայրը շարունակել է մասնակցել գործին իր տղայի անունից։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ տեղի իրավապահ մարմիններն իրեն խոշտանգումների են ենթարկել և պարտադրել են սպանություն գործելու մասին ինքնամեղադրական խոստովանություն կատարել։

2003 թվականին Դիմումատուն ձերբակալվել է՝ սպանություն գործելու կասկածանքով։ Նա սպանություն գործելու մասին խոստովանություն է կատարել, սակայն Դատավորը որոշել է ազատ արձակել նրան՝ հիմնավոր և բավարար ապացույցների բացակայության հիմքով։ Հետագայում, քրեական հետաքննության շրջանակներում վկաներից մեկը հայտարարել է, որ իրականացված սպանության օրը տեսել է Դիմումատուին զոհի տան բակում՝ ձեռքերն ամբողջովին արյունոտ վիճակում։ Միևնույն ժամանակ, երեք այլ վկաներ հաստատել են, որ Դիմումատուն անձամբ խոստովանել է իր մեղքը։  

2004 թվականին քրեական գործով հետաքննությունը կասեցվել է, քանի որ հանցագործին չի հաջողվել հայտնաբերել։ Սակայն, 2007 թվականին նորից հետաքննություն է սկսվել։ Հիմք ընդունելով նոր վկաների կողմից ներկայացված ապացույցները՝ Դիմումատուն կրկին ձերբակալվել է։ Նոր վկայի խոսքերով՝ նա Դիմումատուի հետ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել և նույն գյուղում բնակվելու ժամանակ Դիմումատուն անձամբ պատմել է սպանություն գործելու իր մեղքի մասին։

Հիմք ընդունելով քրեական գործի նախաքննության փուլում 5 վկաների հարցաքննություններից կազմված արձանագրությունները և Դատարանում իրականացված խաչաձև հարցաքննությունը՝ 2008 թվականին Ուկրաինայի առաջին ատյանի դատարանը վճռել է Դիմումատուին դատապարտել 13 տարի ազատազրկման։ Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ և բողոքի մեջ նշել է, որ վկաները հրաժարվել են իրենց տված ցուցմունքներից, քանի որ դրանք կատարվել են սույն գործով քննիչի հարկադրանքի ներքո։ Դիմումատուն նաև գործի վարույթը վերսկսելու մասին պահանջ է ներկայացրել, սակայն, ապարդյուն։ 2009 թվականին Դիմումատուի ներկայացրած բոլոր բողոքներն ու պահանջները մերժվել են։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի և 3-րդ կետի խախտում։ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործով դատավարության արդարացիության մասին և բողոքի մեջ նշել է, որ Դատարանն իրեն մեղավոր ճանաչելու և ազատազրկման դատապարտելու մասին որոշում է կայացրել միայն ճնշման տակ կատարված վկայությունների և հարկադրանքի ներքո կատարված ինքնախոստովանության հիման վրա։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ուկրաինան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ