ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը որոշել է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի 14 քաղաքացիների և 17 իրանական ընկերությունների դեմ: Վաշինգտոնը կասկածում է, որ նրանք մասնակցել են միջուկային զենքի ստեղծմանը։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատժամիջոցների ենթարկված քաղաքացիները և իրավաբանական անձինք համագործակցում են Իրանի պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության հետ (SPND):
«ԱՄՆ իշխանությունները վճռական քայլեր են ձեռնարկել իրանական SPND կազմակերպության հետ համագործակցող ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ և նոր պատժամիջոցներ են սահմանել միջուկային զենքի ստեղծմանը մասնակցած փորձագետների նկատմամբ»,-հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները՝ մեջբերելով ԱՄՆ Ֆինանսների նախարարի խոսքերը:
ԱՄՆ ներկայացուցիչների համոզմամբ՝ SPND կազմակերպությունը ոչ միայն տեխնոլոգիաներ է մշակել միջուկային զենք ստեղծելու համար, այլև ձեռք է բերել դրանք Ռուսաստանից, Չինաստանից և այլ օտարերկրյա մատակարարներից:
Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները գործում են Իրանի քաղաքացիների, կազմակերպությունների, օդանավերի և նավերի դեմ, որոնց ընդհանուր թիվը ներկայում գերազանցել է 960-ը: Ոչ ամերիկյան ընկերությունները, որոնք համագործակցում են Իրանի հետ, նույնպես ենթարկվում են պատժամիջոցների։
Եվրամիությունը և «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» մասնակիցները ջանք չեն խնայում՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու և դրանց կիրառումը դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, միջազգային գործարարներն արդեն սկսել են հրաժարվել իրանական շուկայից։ Ակնհայտ է, որ նրանք խուսափում են իրենց գործունեությունը վտանգելուց և ամերիկյան շուկա մուտք գործելու հնարավորությունից զրկվելուց։
Հիշեցնենք, որ 2018 թվականին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակի բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների կիրառումը։ Խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության ոլորտին և քաղաքացիական ավիացիային։