Գործը վերաբերում է քրեական դատավարության ընթացքում 11 վկաների նկատմամբ կիրառված ճանապարհորդական արգելքներին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացրած 11 Դիմումատուներն ազգությամբ ադրբեջանցի են, բնակվում են Ադրբեջանի Բաքու և այլ քաղաքներում։
2012 թվականից մինչև 2016 թվականի տարբեր ժամանակահատվածներում Դիմումատուներին տեղեկացրել են, որ նրանց այլևս չի թույլատրվում լքել Ադրբեջանի տարածքը։ Տեղի քննչական մարմիններն արգելքներ են սահմանել Դիմումատուների նկատմամբ տարբեր քրեական գործերով վարույթների ժամանակ, որոնց շրջանակներում Դիմումատուները հարցաքննության են ենթարկվել որպես վկաներ, և ոչ թե որպես մեղադրյալներ կամ կասկածյալներ:
2016 թվականին Դիմումատուների նկատմամբ սահմանված ճանապարհորդական արգելքներից մի քանիսը վերացվել են։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները բողոքներ են ներկայացրել Դատարան։ Դիմումատուներն իրենց բողոքների մեջ նշել են, որ ներպետական օրենսդրությունը չի նախատեսում երկրի սահմանները լքելու արգելք կիրառել քրեական գործին որպես վկա ներգրավված անձի նկատմամբ։ Ադրբեջանի ներպետական դատական ատյանները հրաժարվել են քննել Դիմումատուների ներկայացրած բողոքները։
Ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած բողոքները՝ հիմնավորելով, որ նման հայցերի քննությունն իրենց իրավասության շրջանակներից դուրս է։ Ներպետական դատական ատյաններն ըստ էության քննել են Դիմումատուներից միայն մեկի ներկայացրած բողոքը։ Այնուամենայնիվ, Դատարանը որոշել է, որ Դիմումատուի ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու մասին կայացված որոշումը օրինական և հիմնավոր է։ Ուստի, նրա ներկայացրած բողոքը նույնպես մերժվել է։
11 Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի (տեղաշարժի ազատություն) խախտում։ Բոլոր Դիմումատուները բողոքել են սեփական երկրի սահմանները լքելու և ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքների խախտման մասին:
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ 10 Դիմումատուներ նաև բողոքել են իրենց ներկայացրած հայցերը մերժելու Դատարանի կայացրած որոշման և այդ որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։ 5 Դիմումատուներ նաև բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածի (անհատական գանգատի իրավունք) խախտում։ Դիմումատուները պնդում են, որ սույն գործով Եվրոպական դատարանի կողմից իրենց ուղարկված նամակի հանձնումը հետաձգվել է, ենթադրաբար, փոստային ծառայության աշխատանքին Կառավարության կողմից միջամտության պատճառով:
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 11 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 4 Արձանագրության 2-րդ հոդվածի խախտում և 13-րդ հոդվածի խախտում՝ 10 Դիմումատուների նկատմամբ։
ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ադրբեջանը պարտավոր է յուրաքանչյուր Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 9 Դիմումատուներին վճարել 1․000 եվրո՝ դատական ծախսերի համար։
Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։