Ինչո՞վ է զբաղվում Արդարադատության միջազգային դատարանը․ պարզաբանում է Դատարանի նախագահը

Ներկայումս ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննարկման փուլում է գտնվում տասնյոթ գործ: Այս տարվա սկզբից Դատարանը հինգ նոր գործի քննություն է սկսել։ Երկուսը վերաբերում են մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին երկրների ներկայացրած պահանջին։ Երկու հայց ներկայացվել է Իրանի և Պաղեստինի կողմից՝ ԱՄՆ-ի դեմ: Սակայն ընդունու՞մ է, արդյոք, Վաշինգտոնն իր դեմ ներկայացված հայցերը քննելու Արդարադատության միջազգային դատարանի իրավասությունը: Այս և այլ շատ հարցեր պարզաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահ Աբդուլգավի Ահմեդ Յուսուֆը ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը տված իր հարցազրույցում:

Միջազգային դատարանը, ինչպես և ՄԱԿ-ը, ստեղծվել է 73 տարի առաջ։ Այն համաշխարհային կազմակերպության հիմնական դատական ​​մարմինն է։ Դատարանը լուծում է անդամ պետությունների միջև ծագած իրավական վեճերը և տալիս է խորհրդատվական եզրակացություններ ՄԱԿ-ի լիազորված մարմիններին և մասնագիտացված գործակալություններին: Այն բաղկացած է 15 դատավորներից, որոնք ընտրվում են ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի և Անվտանգութան Խորհուրդի կողմից ինը տարով:

Միջազգային դատարանի նախագահի խոսքերով՝ 73 տարվա ընթացքում Դատարանում քննվել է ավելի քան երեք հարյուր գործ, որոնք վերաբերում են տարբեր երկրների միջև առաջացած վեճերին։ Նա նաև հավելել է, որ այդ վեճերից շատերը կարող էին վերածվել լայնամասշտաբ պատերազմների, եթե Միջազգային դատարանը չմիջամտեր դրանց։

Այսօր Միջազգային դատարանում շարունակվում է քննվել ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է Իրանի և ԱՄՆ-ի միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Գործի շրջանակներում Միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է Իրանի ներկայացրած հայցը և վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների կիրառումը։ Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության ոլորտին և քաղաքացիական ավիացիային։ Աբդուլգավի Ահմեդ Յուսուֆը նշել է, որ 1955 թվականին կնքված պայմանագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը չի կարող Դատարանում գործը դադարեցնելու համար իրավական հիմք հանդիսանալ։ «Այս դեպքում կարևոր է, որ երկու երկրների միջև պայմանագիրը գործել է կողմերից մեկի հայց ներկայացնելու պահին»,- ասել է Դատարանի նախագահը։ Վերջինս հավելել է, որ այժմ խոսքը վերաբերում է բացառապես  մինչև դատավարության ավարտը ԱՄՆ-ի նկատմամբ ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու և հակաիրանական պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու մասին Իրանի ներկայացրած պահանջին։ «Մենք նոր ենք սկսել դատավարությունը, և գործը քննվելու է մի քանի փուլերով։ ԱՄՆ-ն կարող է վիճարկել Դատարանի իրավասությունը, և ես կարծում եմ՝ ԱՄՆ-ն արդեն արել է դա։ Մենք կշարունակենք դատական լսումներ իրականացնել համապատասխան ժամանակահատվածում»,- հավելել է հարցազրույցի ժամանակ Միջազգային դատարանի նախագահը։

Աբդուլգավի Ահմեդ Յուսուֆը տեղեկություններ է հաղորդել նաև ԱՄՆ-ի դեմ Պաղեստինի ներկայացրած հայցի քննության վերաբերյալ։ Նա պարզաբանել է, որ Պաղեստինյան ինքնավարության ներկայացուցիչները բողոքել են Թել Ավիվում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման վերաբերյալ։

«Միջազգային դատական ատյանները պետք է երկու կողմերի մասնակցությամբ դատական լսումներ իրականացնեն։ Այնուհետև, Միջազգային դատարանը կհրապարակի իր կայացրած վճիռը։ ԱՄՆ-ն դեռևս Դատարանում հանդես չի եկել, և միայն մեկ կողմի ներկայացրած փաստարկները որոշում կայացնելու համար բավարար չեն։ Հետևաբար, այս փուլում մենք դեռևս չենք կարող գործի մասին տեղեկություն հաղորդել»,- հայտարարել է Դատարանի նախագահը։

Հարցազրույցի ժամանակ նախագահին խնդրել են պարզաբանել, թե ի՞նչ կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ գործով կողմերից մեկը հրաժարվում է իրագործել Դատարանի կայացրած որոշումը։ «Նման դեպքերում յուրաքանչյուր կողմ իրավունք ունի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, քանի որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Անվտանգության խորհուրդն իրավասու է Միջազգային դատարանի կայացրած վճռի իրագործման և կիրառման հնարավոր տարբերակների մասին որոշում կայացնել։ Այնուամենայնիվ, նման դեպքեր Դատարանի գործունեության ժամանակահատվածում դեռևս չեն գրանցվել։ Երկրները միշտ կատարել են ՄԱԿ-ի Դատարանի կայացրած որոշումը։ Բացի այդ, յուրաքանչյուր գործով Դատարանի կայացրած որոշում համաձայնեցվում է նաև պետությունների հետ։ Բացառիկ դեպքերում Միջազգային դատարան կարող է ներկայացվել որոշման վերանայման մասին խնդրանքը՝ միայն նոր բացահայտված հանգամանքների հիման վրա, որոնք իրենց բնույթով կարող են վճռական ազդեցություն ունենալ գործի վրա, և որոնք որոշում կայացնելիս հայտնի չեն եղել ոչ Դատարանին, ոչ վերանայում խնդրող կողմին. ընդորում` այն պայմանով, որ նման անիրազեկությունը չի հանդիսացել անփութության հետևանք: Սակայն որոշման վերանայման մասին խնդրանքը պետք է ներկայացվի Դատարան նոր հանգամանքների բացահայտումից հետո 6 ամսվա ընթացքում»,- բացատրել է Միջազգային դատարանի նախագահը:

Մեկնաբանություններ