Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Պահանջը՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պայմանով: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել սեպտեմբերի 17-ին, իսկ գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զաքարյանին:
Փաստաթուղթը գեներացվել է www.datalex.am պորտալի կողմից սեպտեմբերի 18-ին:
Հավելենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, իր հերթին Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Այս մասին ևս տեղեկանում ենք Դատական տեղեկատվական Համակարգից: Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ՝ 2 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև հրապարակայնորեն հերքում է պահանջել: Վերոնշյալ գործը մակագրվել է դատավոր Աիդա Դավթյանին: Նույն պահանջով Սեդրակ Քոչարյանը դատարան հայցադիմում է ներկայացրել նաև ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի՝ գործը մակագրվել է դատավոր Գոռ Թորոսյանին: