ԱՀԿ անդամ երկրները հայտարարել են, որ պետությունների վարած տնտեսական քաղաքականությունը սպառնում է կազմակերպությանը

Ներկայումս շատ պետությունների վարած տնտեսական քաղաքականությունը և պաշտպանիչ մեխանիզմների կիրառումը սպառնում է ինչպես միջազգային առևտրային համակարգին, այնպես էլ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): Այս մասին հայտարարել են ԱՀԿ անդամ երկրների առևտրի նախարարները՝ Օտտավայում տեղի ունեցած հանդիպումից հետո:

«Մենք հաստատում ենք որոշակի կանոնների վրա հիմնված միջազգային առևտրի համակարգին մեր հստակ և վճռական աջակցությունը և ընդգծում ենք այն անփոխարինելի դերը, որը խաղում է ԱՀԿ-ն առևտրային հարաբերությունները զարգացնելու և դրանք պաշտպանելու գործում»,-նշվում է փաստաթղթի մեջ:

«Մենք նաև խորապես մտահոգված ենք միջազգային առևտրի վերջին զարգացումների պատճառով: Հատկապես՝ մեզ անհանգստացնում են շատ երկրների կողմից կիրառվող պաշտպանողական միջոցները, որոնք բացասական ազդեցություն են թողնում ԱՀԿ-ի վրա և սպառնում են միջազգային առևտրի ամբողջ համակարգին»,- նշել են ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչները:

Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ԱՄՆ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը: Հիշեցնենք՝ այս տարվա մարտին ԱՄՆ-ն այլ երկրներից պողպատի և ալյումինի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 25% -ով և 10% -ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ ԵՄ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և Կանադան դիմել են պատասխան գործողությունների:

Այս կապակցությամբ Օտտավայում տեղի ունեցած հանդիպման մասնակիցները կոչ են արել ԱՀԿ անդամ երկրներին հարգել ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման համակարգը, խնդիրների առկայության դեպքում՝ բանակցություններ վարել և ուժեղացնել ԱՀԿ անդամների վարած աևտրային քաղաքականության նկատմամբ վերահսկողությունը: Հանդիպման մասնակիցները նաև համաձայնել են 2019 թվականի հունվարին հանդիպում կազմակերպել՝ ԱՀԿ-ի բարեփոխման վերաբերյալ:

Նշենք, որ Կանադայի նախաձեռնությամբ՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 24-ից 25-ը Օտտավայում կայացել է ԱՀԿ անդամ պետությունների նախարարների հանդիպումը: Հանդիպման շրջանակներում քննարկվել է Կանադայի կողմի առաջարկը՝ ԱՀԿ գործունեությունը բարեփոխելու վերաբերյալ: Հանդիպման համար Օտտավա են ժամանել Ավստրալիայի, Բրազիլիայի, ԵՄ-ի, Քենիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Սինգապուրի, Չիլիի, Շվեյցարիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները համաձայնության են եկել՝ ԱՀԿ-ն բարեփոխելու հարցի շուրջ: