Օրենքով կկարգավորվի ՏՏ ոլորտում պետական աջակցության համակարգը

ITՀՀ Ազգային ժողովում նոյեմբերի 14-ին շրջանառության մեջ է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագիծը, հեղինակը ՀՀ կառավարությունն է: Ըստ նախագծի՝ օրենքը սահմանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և կարգավորում է այդ ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում), ինչպես նաև ՏՏ ոլորտի տնտեսվարող սուբյեկտների կողմից վարչական-վիճակագրական հաշվետվություններ չներկայացնելու կամ սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար պատասխանատվության սահմանում:

Ըստ օրենքի նախագծի հիմնավորման՝ վերոնշյալ արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա ՏՏ ոլորտում նոր ընկերությունների ձեւավորմանն ու  աշխատատեղերի ստեղծմանը:

Սահմանված են օրենքի կարգավորման առարկային առնչվող հիմնական հասկացությունները, ինչպես նաև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները: Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում պետական աջակցության նպատակներն են մրցունակության բարձրացումը, հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով, դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը, վենչուրային և օտարերկրյա ներդրումների խթանումը և ներգրավումը:

Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով: Ծրագիրը մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով, պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը:

Օրենքի նախագծով սահմանվում են նաև հավաստագրվող և հավաստագրված տնտեսվարող սուբյեկտներին ներկայացվող պահանջները, հավաստագրման հանձնաժողովի ձևավորման կարգը և լիազորությունները և հարակից իրավահարաբերությունները:

Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի (Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը), որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարի 1-ից:

Օրենքով սահմանված կարգով հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվում է 2017 թվականի դեկտեմբերի 1-ը:

Օրենքով տրամադրվող հարկային արտոնությունները գործում են մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը:

Մեկնաբանություններ