Դիմումատուն՝ Վյաչեսլավ Կորչագինը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1977 թվականին, բնակվում է Ռուսաստանի Վորոնեժի մարզի Լիսկի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ վարչական իրավախախտում կատարելու համար իր դեմ հարուցված վարչական վարույթի մասին չծանուցվելուն։
2009 թվականին Դիմումատուն սկսել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ 2013 թվականին նա ընդլայնել է իր բիզնեսը և արագ սննդի սպասարկման կետ է բացել։ 2014 թվականին Դիմումատուին պատկանող արագ սննդի կետում ստուգումներ են իրականացվել։ Ստուգումների արդյունքում արագ սննդի կետի պահեստում պահվող սննդամթերքի անվտանգության կանոնների խախտումներ են հայտնաբերվել։ Այնուհետև, Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել են Դիմումատուին նրա նկատմամբ վարչական վարույթ հարուցելու որոշման մասին։
Գործի շրջանակներում Ռուսաստանի Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին արդարացնելու մասին որոշում է կայացրել։ Այնուհետև, Դիմումատուին արդարացնելու մասին կայացված որոշումը բողոքարկվել է, և 2015 թվականին Վերաքննիչ դատարանը վարչական իրավախախտում կատարելու համար Դիմումատուին մեղավոր ճանաչելու և վերջինիս նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշում է կայացրել։ Դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել իրեն տուգանք նշանակելու մասին Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ տեղյակ չի եղել իր գործով դատական նիստերի և բողոքարկումների մասին և հավուր պատշաճի չի ծանուցվել գործի ընթացքի մասին ոչ փոստային ծառայության միջոցով, ոչ էլ հեռախոսազանգի միջոցով։
Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը հաստատել է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը՝ հիմնավորելով, որ Դիմումատուն ծանուցվել է վարչական վարույթի մասին, սակայն խուսափել է մասնակցել գործի ընթացքին։ Բացի այդ, Դատարանը պարզել է, որ Դիմումատուն վարչական վարույթի ընթացքին նաև առցանց հետևելու հնարավորություն է ունեցել։ Հետագայում, Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Ռուսաստանի Գերագույն դատարան, սակայն ապարդյուն։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ համապատասխան մարմիններն իրեն հավուր պատշաճի չեն ծանուցել վարչական իրավախախտման, վարչական վարույթ հարուցելու և իրեն մեղավոր ճանաչելու որոշման մասին։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված վարչական վարույթի արդարացիության և իր նկատմամբ տուգանք նշանակելու որոշման մասին։