Կաբրալն ընդդեմ Նիդերլանդների

Դիմումատուն՝ Էվկլիդես Կաբրալը, ազգությամբ նիդերլանդացի է, ծնվել է 1987 թվականին, բնակվում է Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սուպերմարկետի կողոպուտի դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործի դատավարությանը և վկայի վճռորոշ ցուցմունքների բացակայության պայմաններում իրեն դատապարտելու որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննության ենթարկելու իր իրավունքի խախտման և կողոպուտ իրականացնելու համար իրեն դատապարտելու որոշման արդարացիության մասին։

Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում քննչական մարմինները հարցաքննել են Դիմումատուի հանցակցին։ Վերջինս սուպերմարկետում կատարված հանցագործության մեջ մեղադրել է Դիմումատուին։ Հիմք ընդունելով Դիմումատուի հանցակցի վկայությունները՝ 2006 թվականի օգոստոսին Նիդերլանդների Առաջին ատյանի դատարանը դատապարտել է Դիմումատուին՝ Ռոտերդամ քաղաքում գործող սուպերմարկետ ներխուժելու և կողոպուտ իրականացնելու համար։ Այնուհետև, Դիմումատուի հանցակիցը հրաժարվել է իր տված վկայությունից, սակայն ապարդյուն։ Դիմումատուն Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որը վարույթ է ընդունվել։

Բողոքարկման վարույթի շրջանակներում Դիմումատուի հանցակիցը հրաժարվել է վկայություն տալ և չի պատասխանել դատապաշտպանի հարցերին՝ օգտվելով ինքնամեղադրական վկայություն տալուց հրաժարվելու իր իրավունքից։

2008 թվականի մարտին Նիդերլանդների Վերաքննիչ դատարանը հաստատել է Դիմումատուի գործով Առաջին ատյանի կայացրած որոշումը։ Դիմումատուն կրկին բողոքել է իր հանցակցի տված վկայությունների հիման վրա իրեն դատապարտելու որոշման դեմ, սակայն 2010 թվականի հունվարին Գերագույն դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ Առաջին ատյանի դատարանն իրեն դատապարտելու մասին որոշում կայացնելիս հաշվի է առել միայն այն վկայի ցուցմունքները, ով իրավունք ունի հրաժարվել դատապաշտպանի կողմից իրականացվող խաչաձև հարցաքննությանը վկայություն տալուց։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է դատական ծախսերի համար Դիմումատուին վճարել 94 եվրո  գումարի չափով փոխհատուցում։