Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ երկու տարիների աշխատանքի վերլուծությունը վկայում է, որ 2018 թվականի ընթացքում արդեն ավելի քան 3 անգամ աճել է արդյունավետությունը։ Այս հարցում հիմք են ընդունվել Պաշտպանին հասցեագրվող, բայց միայն իրավասությանը վերաբերող անհատական բողոքների քննարկման, ինչպես նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես, Պաշտպանի իրավասությանը վերաբերող անհատական գործերով վերջին հինգ տարիների տվյալների համեմատական պատկերը հետևյալն է․ 2016 թվականի ընթացքում դրական լուծում ստացած բողոքների թիվը կազմել է 444, 2017 թվականին այդ ցուցանիշը շուրջ երկու անգամ ավելացել է՝ դառնալով 845, իսկ արդեն 2018 թվականի միայն առաջին յոթ ամիսների ընթացքում՝ 840:
Զգալիորեն ավելացել են նաև համակարգային մակարդակում աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, Պաշտպանի առաջարկների ու զեկույցների հիման վրա մշակվել են սկզբունքային փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագծերի փաթեթներ, որոնց քննարկումը խորհրդարանում նախատեսված է առաջիկայում, մի շարք օրենսդրական նախագծերի տրված է պաշտոնական ընթացք: Պաշտպանի առաջարկի հիման վրա ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, այդ թվում՝ Պաշտպանի զեկույցի կատարմանն ուղղված միջոցառումների ծրագիր: Սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ համատեղ մշակվել են դատարանի որոշումների կատարմանն ուղղված օրենսդրական նախագծեր, որոնց նույնպես տրված է պաշտոնական ընթացք:
Աշխատանքի արդյունավետության նման աճը պայմանավորված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի նոր սկզբունքներով, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությամբ, ինչպես նաև աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմով:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետևողական աշխատանքը ներկայացվող առաջարկների իրագործման ուղղությամբ՝ համատեղ աշխատելով բոլոր գործընկերների հետ: