Սեֆիլյանի և մյուսների գործով կհարցաքննվեն Պավլիկ Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստի ժամանակ շարունակվեց գործում առկա փաստաթղթերի հետազոտումը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել   փաստաբան Արայիկ Պպիկյանի միջնորդությունը, որով վերջինս դատարանին խնդրում էր վերադարձնել Ժ. Սեֆիլյանին նիստերի դահլիճ, քանի որ  հրապարակվելու էին Սեֆիլյանին առնչվող փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը նախորդ նիստի ժամանակ հեռացվել էր նիստերի դահլիճից՝ կարգը խախտելու պատճառով:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարանին հայտնեց, որ ԱԱԾ ծառայությունը Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ հետապնդումը սկսել է դեռևս  2014 թվականի մայիսի 21-ից: Պաշտպանի խոսքերով ԱԱԾ-ն Սեֆիլյանի հանդեպ հետապնդում է իրականացրել խախտումներով, բացի այդ, նրա համոզմամբ Սեֆիլյանը  ենթարկվում է հաշվեհարդարի՝ իր քաղաքական հայացքների համար:

«Նա քրեական հետապնդման է ենթարկվում, քանի որ պետք է մեկուսացվեր և կարևոր չէ, թե ինչ կերպ»,- իր խոսքում նշեց պաշտպանը:

Այնուհետև միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինս դատարանին միջնորդեց որպես վկաներ դատարան հրավիրել և հարցաքննել «Սասնա ծռեր»-ի անդամներ  Պավլիկ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Արամ Հակոբյանին և «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գարեգին Չուգազսյանին:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն էլ որոշեց միջորդությունը մասամբ բավարարել և հաջորդ դատական նիստին որպես վկա  հարցաքննել Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին, իսկ Գարգին Չուգասզյանի մասով մերժեց՝ հայտնելով, որ վերջինս գտնվում է հետախուզման մեջ և նրան դատարան բերելու հնարավորություն չկա:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հանդես եկավ Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու և գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությամբ:

«Հանրությունը տեղյակ է, որ Ժիրայր Սեֆիլյանը քաբանտարկյալ է, և նա ոչ մի արարք չի կատարել: Խնդրում եմ հնարավորություն տալ նրան, որ զբաղվի իր քաղաքական գործունեությամբ: Այս գործով բոլոր վկաները հարցաքննվել են, ուստի հիմքեր չկան կասկածելու, որ ազատության մեջ գտնվելով Սեֆիլյանը կարող է ազդել նրանց վրա»,- ասաց նա:

Միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները՝ նշելով, որ ազատության մեջ գտնվելով, հնարավոր է, որ նա նոր արարք կատարի:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը, որից հետո նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: