ՄԻՊ-ին հասցեագրվող բողոքների թիվը 10 անգամ ավելացել է

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին ամիսներին աննախադեպ թվով բողոքներ է ստանում։

Այս տարվա հուլիս ամսին ստացած բողոքների թիվը 10 անգամ ավելի է նախորդ երկու տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Զգալիորեն ավելացել է Պաշտպանի աշխատակազմ այցելող քաղաքացիների թիվը։

Վերլուծությունը վկայում է, որ այս ցուցանիշը պայմանավորված է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ վստահության անընդհատ բարձրացմամբ, ինչի մասին վկայում են նաև միջազգային կառույցների հարցումները, այնպես էլ հասարակության նոր ակնկալիքներով։

Այս տվյալները հանգեցրել են գերծանրաբեռնված աշխատանքի։ Աշխատանքները տարվում են ռեսուրսների ու ջանքերի առավելագույն գործադրմամբ՝ հաճախ առանց աշխատանքային նորմավորված ժամերի։

Մասնավորապես, եթե 2016 թվականի հուլիս ամսին ստացվել է 103 բողոք, 2017 թվականի նույն ամսին՝ 158, ապա 2018 թվականին՝ 1008։ Բողոքների թիվն ավելի քան 3 անգամ բարձր է նաև մայիս և հունիս ամիսներին նախորդ երկու տարիների նույն ամիսների համեմատությամբ։

Մեկնաբանություններ