ՄԱԿ-ի ավելի քան 80 անդամ պետություններ չեն կատարել բյուջեին կանոնավոր վճարումները

ՄԱԿ-ի անդամ պետությունները չեն շտապում կատարել կազմակերպության կանոնավոր բյուջեին անդամակցության գծով իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչը ֆինանսական խնդիրներ է առաջացրել ՄԱԿ-ում: Ընթացիկ տարվա հուլիսի 26-ի դրությամբ՝ ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին վճարումները կատարել են միայն 112 անդամ պետությունները։ Վճարումների ընդհանուր գումարը կազմում է 1 մլրդ 494 մլն ԱՄՆ դոլար: 2017 թվականին համապատասխան ժամանակահատվածում վճարումների ընդհանուր գումարը կազմել է 1 մլրդ 702 մլն ԱՄՆ դոլար։ Ֆինանսական պարտավորությունները չեն կատարել և դեռևս չեն վճարել իրենց պարտքերը Բելառուսը, Եգիպտոսը, Իրանը, Տաջիկստանը, Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն: Նրանց ընդհանուր պարտքի գումարի չափը միասին կազմում է մոտ 810 մլն ԱՄՆ դոլար: ՄԱԿ-ի բյուջեում ԱՄՆ-ի բաժինը կազմում է 22%, և ԱՄՆ-ն սովորաբար կատարում է իր վճարումը միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամսին:

ՄԱԿ-ը ըմբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ կազմակերպության անդամ պետություններում տարբեր բյուջետային միջոցներ ունեն։ Այնուամենայնիվ, նախկինում երբեք նման տագնապալի իրավիճակ ՄԱԿ-ում չի նկատվել տարվա օրացուցային այսքան վաղ փուլում:

ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետության վճարումը կանոնավոր բյուջեին հաշվարկվում է կազմակերպության ընդհանուր ծախսերի տոկոսներով: Հաշվի առնելով պետությունների վճարունակության մակարդակը՝ գնահատման սանդղակը որոշվում է երեք տարին մեկ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից: Եթե կոնկրետ պետության տնտեսությունը հաջողությամբ զարգանում է, ապա կազմակերպության բյուջեին այդ պետության կողմից վճարման ենթակա գումարի չափը նույնպես ավելանում է։ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունները պարտավոր են պատշաճ և ժամանակին կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, հակառակ դեպքում՝ կարող է կիրառվել ՄԱԿ-ի Կանոնադրության 19-րդ հոդվածը, որի համաձայն՝ Միավորված ազգերի կազմակերպության այն Անդամը, որը Կազմակերպությանը վճարվող անդամավճարի պարտքեր ունի, զրկվում է Գլխավոր ասամբլեայում ձայնի իրավունքից, եթե պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է վերջին երկու լրիվ տարիների համար այդ Անդամից ստանալիք անդամավճարի ընդհանուր գումարը:

 

Մեկնաբանություններ