Հոկտեմբերի 28-ին շարունակվել է 2014 թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանի հատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ, ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ:
Այսօր կայացած դատական նիստում ցուցմունքներ է տվել սահմանն ապօրինի հատած խմբի մյուս անդամը՝ գործով ամբաստանյալ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը: Այս մասին տեղեկացնում է «artsakhpress.am»-ը:
Մասնավորապես, կայքի հաղորդմամբ, այսօր կայացած դատական նիստում ցուցմունք տալու ժամանակ Դիլհամ Ասկերովը նշել է, թե Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանին սպանել է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի սպանված անդամ Հասան Հասանովը։ Նա հավելել է նաև, որ ինքը լավ է ճանաչում Շահբազ Գուլիևին, և նա ընդունակ չէր նման հանցագործության։ Ամբաստանյալ Դ. Ասկերովն իրեն անչափահաս Սմբատ Ցականյանի սպանության հանցակից համարելով հանդերձ նշել է, որ այդ սպանության համար մեղքի զգացում ունի։ Նրա խոսքով ինքը 500 մ հեռու էր գտնվել Հասան Հասանովից և Շահբազ Գուլիևից, որոնց հետ եղել է նաև Սմբատ Ցականյանը, իսկ հետո նրանց տեսել է առանց պատանու ուղեկցության։
«Սկզբում տեսա Շ. Գուլիևին, իսկ այնուհետև Հ. Հասանովին, և երբ նրանց հարցրեցի, թե ու՞ր է պատանին, նրանք պատասխանեցին, որ պատանին իրեն վատ էր զգում և գնացել է։ Ես մինչև ձերբակալվելս էլ չեմ իմացել, որ մեզ ուղեկցող պատանին սպանված է»,- մանրամասնեց Դ. Ասկերովը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: