Դատական գործ. ադրբեջանցի դիվերսանտը խոսել է սահմանը հատելու և հայ պատանու սպանության մասին

Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի
Լուսանկարը՝ «artsakhpress.am»-ի

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 27-ին սկսվել է 2014 թ. ամռանը արցախա-ադրբեջանական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինաբար հատած ադրբեջանցիների գործով դատավարությունը՝ դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ:

Գործով ամբաստանյալներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին, իրենց իսկ համաձայնությամբ, պաշտպանում են հանրային պաշտպաններ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը: 

«Արցախպրեսի» հաղորդմամբ, չնայած ցուցմունքների հակասական լինելուն և նախաքննության մարմնին տված ցուցմունքներին անհամապատախանությանը, և իրեն ներկայացված մեղադրանքները մասամբ ընդունելուն, Շահբազ Գուլիևը հայտնել է, որ Ասկերովի հետ ծանոթացել է 1992թ. Լաչինում: 1990-ականների վերջին մեկնել է Ռուսաստան աշխատելու: Այնտեղ իր ավտոմեքենայով կողոպուտ կատարելու համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Բանտից ազատվելուց հետո՝ 2004 թ.-ին, Գուլիևը կրկին հանդիպել է Ասկերովի հետ, որն առաջարկել է միասին գնալ Ղարաբաղ: Խմբի մեկ այլ անդամի` Հասան Հասանովի հետ Գուլիևը ծանոթացել է 2013 թ.: 2014 թվականի հունիսին սահմանի վրա ձեռքբերված զենքով, խումբը Շահումյանի շրջանի սահմանագոտու հատվածում հատել է ԼՂՀ սահմանը:

Գուլիևը նշել է, թե ինքը չգիտեր, որ սահման է հատում, քանի որ առաջին անգամ՝ 2005 թ., երբ եկել են այդ տարածքներ, հայկական կողմում ոչ ոք չի եղել և միայն հիմա է հասկանում, որ հատել են սահմանը: Ամբաստանյալի հավաստմամբ՝ դրանից հետո «Քելբաջար» են այցելել նաեւ 2007-ին, իսկ վերջինն այս տարվա ամռանն էր:

Իր խոսքում Գուլիևը հայտարարել է, թե երեք անգամ էլ Ղարաբաղ է եկել Ասկերովի առաջարկով՝ իր բացատրությամբ, «ֆինանսական խիստ կարիքից դրդված»:

«Karabakh-open.info»-ի տեղեկացմամբ, Գուլիևն իր խոսքում փաստել է ադրբեջանական որոշ կառույցների, մասնավորապես ազգային անվտանգության ծառայության հետ կապի, ինչպես նաեւ ամեն անգամ Ղարաբաղ տեսախցիկով գալու և նկարահանելու մասին: Նա նաև որոշ մանրամասներ է հաղորդել, թե ինչպես են ինքն ու Ասկերովը հանդիպել նույն կառուցի աշխատակիցների հետ, որի ընթացքում Ասկերովը նույնիսկ իրենց ծառայությունների համար խոշոր գումար է պահանջել:

Գուլիևը ԼՂՀ Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Մեխակի Ցականյանի սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչել և, ինչպես նշել է դատարանի դահլիճում, ոչ մի մտադրություն չի ունեցել վնասելու տղային, ավելին` նրան կոնֆետ և հաց է հյուրասիրել, ինչպես նաեւ գուլպա տրամադրել: Գուլիևը նշել է նաև, թե Ցականյանի առևանգման և սպանության պահերը չի տեսել: Մի քանի օր անց, Ասկերովը հայտարարել է, որ տղային պետք է սպանել: Նրա խոսքով, ինքը շրջվել է կրակոցի ձայնից և տեսել, որ տղան սպանված է:

Ամբաստանյալը նաև պատմել է, թե ինչպես են գողացվել զինվորական հագուստը փաստաթղթերը, ինչպես նաև մեկ խոշոր եղջերավոր անասուն:

Այնուհետև տեսախցիկով Քարվաճառ գնացած Ասկերովին նկատել են տեղի բնակիչները: Զինվորական և քաղաքացիական հագուստներով 2 մարդ են մոտեցել Գուլիևին, ում խոսքով քաղաքացիական հագուստով մարդը հարձակվել է նրա վրա, որից հետո ոչինչ չի հիշում: