Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը

Ընթացիկ տարվա հուլիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

ՀՀ արտգործնախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի հետ հանդիպման ժամանակ կարևորել է ՄԱԿ-ի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի շնորհիվ զարգացնել և ընդլայնել ՄԱԿ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի խնդրանքով՝ հանդիպման շրջանակներում Զոհրաբ Մնացականյանը հակիրճ ներկայացրել է վերջերս Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացները և նոր կառավարության ծրագրի գլխավոր առաջնահերթությունները: Նախարարը շեշտել է, որ կառավարությունը վճռական է տրամադրված և ժողովրդի կողմից իրեն տրված լայն լիազորությունների հիման վրա  շարունակելու է երկրում բարեփոխումների գործընթացը՝ օրենքի գերակայությունը և արդարությունը հաստատելու, տնտեսական և սոցիալական ոլորտներում հավասար հնարավորություններ ապահովելու և կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ:

ՀՀ արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպման շրջանակներում քննարկել են նաև մի շարք այլ հարցեր։ Հայաստանի արտահերթ ընտրությունների անցկացման աշխատանքների մասին քննարկումների համատեքստում ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարևորել է  միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԶԾ-ի (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր) և ՄԱԿ-ի այլ մարմինների հետ Հայաստանի ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը: Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև ընթացիկ տարվա հուլիսի 11-ին Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարարի հետ առաջին անգամ տեղի ունեցած հանդիպման արդյունքները:

Մեկնաբանություններ