Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին:
Պարոն նախագահ, Դուք Մոսկվա էիք ժամանել Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչին: Ինչպե՞ս էր, ըստ Ձեզ, Մունդիալը կազմակերպված Ռուսաստանում:
Իմ կարծիքով, Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ: Ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին եւ առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց: Սա ասում եմ որպես մարդ, ում համար Ռուսաստանը հոգեհարազատ է, եւ ով դիտել է վերջին երեք մունդիալները՝ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում եւ Գերմանիայում: Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով: Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, ոչ մի միջադեպ՝ բացարձակապես անվտանգ է, ու, միաժամանակ, փողոցներում չէր զգացվում ոստիկանների ներկայությունը:
Կարծում եմ՝ այսօր կարեւորն այն է, որ այս առաջնություն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը: Ցավոք, այսօր, 21-րդ դարում, վիրտուալ իրականությունը հաճախ է մթագնում է իրերի իրական պատկերը: Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ եւ լրագրողներ ողջ աշխարհից կարողացան տեսնել ու հասկանալ թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում:
Իսկ ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ինձ համար ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է: Իմ երիտասարդությունն անցել է Երեւանում, եւ երբ 1973 թվականին Երեւանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ չեմպիոն ու նաեւ նվաճեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին եւ 1975-ին – հեղ.), Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի անսահման ուրախություն ու տոն էր ողջ Հանրապետության համար:
Վերջին տարիներին մեր ընտանիքի սիրած թիմը Լոնդոնի «Արսենալ»-ն է, եւ մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետեւ այնտեղ է լավագույն հայ ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:
Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում ո՞ւմ էիք երկրպագում:
Ֆրանսիային: Դրա համար միանգամից մի քանի պատճառ կար: Առաջինը՝ նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ: Երկրորդը՝ Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, երկու հայ էին խաղում՝ Ջորկաեֆն ու Պողոսյանը: Երրորդը՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները շատ սերտ ու բարեկամական են: Ֆրանսիան մի երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան տվեց հսկայական թվով հայերի, երկիր է, որը ճանաչել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը:
Բացի այդ, ըստ վկայությունների, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ հայ, կիսով չափ ֆրանսիացի էր, Կիլիկիայի հայկական թագավորության վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ՝ ֆրանսիացի:
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, այս տարի Երեւանը հյուրընկալելու է ֆրանկոֆոն երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը: Եվ անձամբ ինձ համար եզրափակիչ խաղում Ֆրանսիային չսատարելը, այն էլ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, դժվար կլիներ:
Ընդհանրապես, այս առաջնությունում ինչ-որ մի թիմի գերակայություն չկար, ինչպես նախկինում էր լինում: Եւ այս տարի չեմպիոնի տիտղոսին մի քանի թիմ էին հավակնում, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականը: Մենք եզրափակիչից առաջ գործընկերների հետ այդ մասին էինք խոսում: Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես մեծ հոկեյ ունեցող երկիր: Բայց հիմա, ինձ թվում է, դարձել է նաեւ ֆուտբոլի մեծ երկիր, իսկ Ռուսաստանի թիմը երկրում հերոս է դարձել, ընդօրինակելի կերպար երիտասարդների համար:
Շատերն ակնկալում են, որ տարբեր երկրների քաղաքական եւ գործարար վերնախավի հետ Ձեր կապերը հնարավորություն կտան լրացուցիչ ներդրումներ ներգրավել երկրի համար: Հաջողվե՞լ է արդյոք ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել:
Նախագահի դերը խորհրդարանական հանրապետությունում պետության գլխի համար գործադիր իշխանության ինչ-որ լծակներ չի ենթադրում: Ի սկզբանե հասկանալի էր, որ եթե ես զբաղեցնեմ այս պաշտոնը, պետք է օգտագործեմ գիտության, քաղաքականության ոլորտների իմ կապերը՝ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար:
Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ:
Իմ տեսլականը հետեւյալն է. մենք այսօր ունենք հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ ենք: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, որ կոչ եմ անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:
Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում:
Վերջերս Ֆրանսիայում էի, հասցրեցի հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ, օրինակ, Dassault Systèmes, Orange, THALES: Հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպեցի նաեւ Chanel-ի սեփականատիրոջը: Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները:
Իշխանափոխությունից հետո ակտիվացել է Հայաստան հայրենադարձության գործընթացը: Պատրա՞ստ է արդյոք երկիրը տասնյակ հազարավոր մարդկանց վերադարաձին, աշխատանք կա՞ նրանց համար: Ասենք, սիրահայերը. կարողացե՞լ են հարմարվել պատմական հայրենիքում:
Իսկապես, հիմա մեծ հոսք կա: Հայրենադարձների համար գրավիչ ծրագրերը կառավարության՝ գործադիր իշխանության առանձնաշնորհն են: Իմ կողմից, բնականաբար, լիակատար աջակցություն կլինի, կլինեն նախագահական նախաձեռնություններ:
Ի՞նչ քայլեր են այստեղ անհրաժեշտ՝ ներդրումային ծրագրերից բացի: Կարեւորը, որ երկրում մթնոլորտը նորմալ լինի. չլինի կոռուպցիա, որ դատարանները նորմալ աշխատեն, որ մարդիկ իմանան՝ իրենց խնդիրները օրինական լուծում կստանան: Եվ հիմա արդեն շատ բան արվում է ճիշտ ուղղությամբ:
Սիրիայից եկողներից շատերը պատերազմի պատճառով կորցրել են բացարձակապես ամեն ինչ: Նրանք տեղափոխվում են Հայաստան եւ ամեն ինչ սկսում զրոյից: Եվ նրանք չեն ուզում հեռանալ, այսինքն, Հայաստանը նրանց համար տարանցիկ կայան չէ, նրանք ցանկանում են այստեղ ապրել:
Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երիտասարդությունը դպրոցից հետո չհեռանա երկրից:
Դա նույնպես ավելի շատ գործադիր իշխանության խնդիրն է:
Բայց, միաժամանակ, կարծում եմ, որ ժամանակակից աշխարհում հնարավոր չէ ինչ-որ մեկին պահել նույն տեղում: Ընդհակառակը, պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի երիտասարդությունը մեկնի սովորելու Ռուսաստան, այլ երկրներ, աշխարհի լավագույն բուհեր, հետո վերադառնա տուն եւ երբեք չկորցնի Հայրենիքի հետ կապը:
Հայաստանի համար մոդելը պարզ է՝ փոքր երկիր, բայց գլոբալ ազգ: Չէ՞ որ սփյուռքն այսօր Հայաստանի հսկայական առավելությունն է: Ուստի, ուժեղ սփյուռք՝ ուժեղ Հայաստան: Ի դեպ, հայկական ամենամեծ սփյուռքը հենց Ռուսաստանում է եւ մեզ ամենամոտը՝ թե ֆիզիկապես, թե ոգով:
Պահպանվե՞լ է արդյոք Ձեր մասնագիտական հետաքրքրությունը տեսական ֆիզիկայի նկատմամբ, որով զբաղվել եք մինչեւ քաղաքականություն մտնելը, եւ ինչպե՞ս է գիտական ոլորտի փորձն օգնում Ձեզ նոր կարգավիճակում:
Իհարկե, հետաքրքրություն մնացել է: Այն ոլորտները, որով ես զբաղվել եմ՝ հարաբերականության տեսություն, տիեզերագիտություն, ռելյատիվիստական աստղաֆիզիական՝ դա տիեզերքի, աշխարհի ճանաչումն է, եւ գիտական իմացության միջոցով մենք ավելի շատ ենք մոտենում ճշմարտությանն ու Աստծո ընկալմանը: Որքան խորն ենք մենք հասկանում ֆիզիկայի օրենքները, այնքան ավելի հաճախ ենք բացահայտում բացարձակ պարզությունն ու բացարձակ գեղեցկությունը:
Ի՞նչ է ինձ տվել գիտությունը իմ ներկայիս աշխատանքում: Առաջին հերթին՝ մտածողության կարգապահություն: Երկրորդը. անկախ նրանից, ինչով ես դու զբաղվում՝ գիտությամբ, բիզնեսով, թե քաղաքականությամբ, շատ կարեւոր գործոն է առողջ բանականությունը եւ տրամաբանությունը: Շատ կարեւոր է նաեւ, որ ներքին զգացողություն ունենաս, թե ինչպիսին պետք է լինի տվյալ խնդրի լուծումը: Ես դա անվանում եմ տեսլական: Այնուհետեւ լուծման մեթոդների, ծրագրերի, կոնկրետ քայլերի հաշվարկ՝ ընդհուպ մինչեւ իրական նպատակները:
Հիմա տարբեր երկրների առաջնորդները հաճախ են օգտագործում սոցիալական ցանցերը՝ ժողովրդի հետ կապ պահպանելու համար: Օգտագործո՞ւմ եք այդ մեխանիզմը:
Առաջին հերթին, սոցիալական ցանցերը մեր ժամանակի բացարձակ իրականություն են: Այն քաղաքական գործիչները, ովքեր հասկացել են աշխարհի զարգացման ուղղությունը, առավելություն կունենան:
Բայց խորհրդարանական հանրապետության նախագահը կառավարչական գործառույթներ չունի, եւ անհրաժեշտություն չկա ամեն օր ժողովրդին բացատրել իմ գործողությունների իմաստը: Ուստի, այս փուլում ես սոցիալական ցանցերում էջեր չունեմ, դրա անհրաժեշտությունը պարզապես չեմ զգում:
Մեր վարչապետն ու կառավարությունն ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերը, եւ ես դա ճիշտ եմ համարում. ժողովուրդը պետք է իմանա՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը:
Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում մենք դեռ պետք է սովորենք ապրել խորհրդարանական հանրապետության պայմաններում: Խորհրդարանական հանրապետության ավանդույթներ մենք չունենք, դրանք պետք է ստեղծել, սովորել այն երկրներից, որտեղ կառավարման նման ձեւը գոյություն ունի բավականին երկար: