Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր» ֊ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։
Այսօրվա նիստին չէր ներկայացել «Դեդ»֊ը՝ Մարտիրոս Հակոբյանը, վերջինս հիվադանոցում էր։
Դատավորը հայտնեց, որ նա Էրեբունի բժշկական կենտրոնում է գտնվում հուլիսի 3֊ից։
Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց առանց Մարտիրոս Հակոբյանի շարունակել նիստը, քանի որ իր պաշտպանյալն անորոշ ժամանակով է գտնվում հիվանդանոցում։ Մեղադրող կողմը չառարկեց միջնորդությունը։
Դատավոր Արշակ Վարդանյանը, առանց խորհրդակացական սենյակ գնալու, որոշեց բավարարել միջնորդությունը և Մարտիրոս Հակոբյանի բացակայությամբ շարունակել դատական նիստը։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, նշելով, որ Արամ Հակոբյանը նույնպես առողջական ծանր վիճակում է գտնվում. «Անցկացված հետազություններից պարզվել է, որ Արամ Հակոբյանը երկու անգամ ուղեղի կաթված է ստացել, սակայն չի զգացել դա։ Հենց դրա հետ կապված, նա արագ հոսպիտալացվել է և անցնում է գլխուղեղի արյան շրջանառության հետ կապված մի շարք հետազոտություններ»,- ասաց նա
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ միայն մեկ ժամ անց վերադառնալով նիստերի դահլիճ, որոշեց հարցում ուղարկել բժշկական հաստատություն պարզելու Արամ Հակոբյանի առողջական վիճակը, ինչպես նաև համատեղելիությունը դատական նիստերի մասնակցության հետ։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց Իրիցյանի և Թամրազյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակել, արդյունքում, դատարանը միջնորդությունը բավարարեց։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13-ին։