Արժույթի միջազգային հիմնադրամը մտադիր է փոխել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշել է վերանայել կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական սկզբունքները և միջոցները: Այս մասին ասվում է ԱՄՀ միջազգային կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ՝ կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպումից հետո։

«Տեղի կունենան որոշակի փոփոխություններ, որոնք վերաբերում են 1997 թ ԱՄՀ ֆոնդի կառավարման վերաբերյալ հաստատված մեթոդական ուղեցույցներին։ Մենք պատրաստվում ենք վերանայել կազմակերպության կողմից պետություններին վարկային տրանշ հատկացնելու պայմանները և սկզբունքները։ Այդ փոփոխություններն ավելի համակարգված, անկողմնակալ և արդյունավետ համագործակցություն կապահովեն կազմակերպության անդամ պետությունների հետ», – նշվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԱՄՀ-ն պատրաստվում է պարբերաբար ուսումնասիրություններ իրականացնել և վերահսկել անդամ պետությունների կառավարման մեխանիզմները՝ դրանց թերություններն ավելի ճշգրիտ հասկանալու և դրանք վերացնելու նպատակով: Փորձագետները կայցելեն տարբեր անդամ պետություններ և պարբերաբար կտեղեկանան այդ պետությունների տնտեսական իրավիճակի և մյուս ոլորտների մասին։ Նրանք ուսումնասիրության միջոցով կմասնակցեն նաև այդ պետությունների հարկային և բյուջետային կարգավորման գործընթացներին:

ԱՄՀ միջազգային կազմակերպությունը պատրաստվում է նաև պայքարել պետությունների ներսում իրականացվող փողերի լվացման և ահաբեկչության դեմ։

Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է անում անդամ պետություններին կամավոր կերպով համաձայնություն տալ կոռուպցիայի դեմ պայքարի իր առաջարկած նոր մեթոդների կիրառմանը և օգնել միջազգային կազմակերպությանը՝ կոռումպացված պաշտոնյաների գործունեությունը և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցների շահագործումը կանխելու գործում։