Հայաստանը պաշտոնապես դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի (ICH) անդամ՝ ձեռք բերելով դիտորդի կարգավիճակ:
Այս խորհուրդը եզակի կառույց է, որը համախմբում է տարբեր երկրներում դեղերի ոլորտը կարգավորող մարմիններին եւ դեղագործական արդյունաբերությանը՝ քննարկելու դեղերի գրանցման գիտական եւ տեխնիկական հարցերը:
ICH-ի առաքելությունն է հասնել համաշխարհային ներդաշնակեցմանը՝ ապահովելու անվտանգ, արդյունավետ եւ բարձրորակ դեղերի ստեղծումն ու գրանցումը: Սա իրականացվում է ICH ուղեցույցների մշակման միջոցով՝ ստեղծված կարգավորող մարմինների եւ ոլորտի փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում:
Այսպիսով, ICH-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը անհրաժեշտ միջազգային չափորոշիչների պատշաճ ներդրման հնարավորություն կտա, ինչպես նաեւ դեղերի գրանցման տեխնիկական պահանջների մշակման հարցում ոլորտի փորձագետների սերտ համագործակցության հիմք կստեղծի:
ICH-ը ձեւավորվել է 1990 թվականի ապրիլին: Հիմնադիր անդամներն են Եվրոպական հանձնաժողովը, Ամերիկայի եւ Ճապոնիայի դեղգործակալությունները: