Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ դատարանն այսօր որոշում կայացրեց, որի արդյունքում Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսնեերը ազատ արձակվեցին դատարանի դահլիճից, սակայն նրանք ոչ թե արդարացվեցին, այլ նրանց խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց ստորագրություն չհեռանալու մասին միջոցով:
Այսպիսով՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը մեղմացվեց, վերջինս դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման, սակայն պատգամավորների անձնական երաշխավորագրերը հաշվի առնելով, նա ազատ կարձակվի կալանքից, երբ վճարվի գրավ` երաշխավորություն ստորագրած պատգամավորներից յուրաքանչյուրը 500 000 դրամ։
Իսկ Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը դատապարտվեցին 2 տարվա ազատազրկման, վերջիններս ստորագրությամբ ազատ արձակվեցին:
Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել էր 10 ու կես տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 5 տարի 5 ամիս, Ներսես Պողոսյանը՝ 3 տարի 5 ամիս, Արցախյան պատերազմի մասնակիցներ Հրայր Թոփչյանն ու Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանը՝ 3-ական տարվա ազատազրկման: Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, որ սա դատավարություն չէ, այլ թատերական բեմադրություն: Մյուս 6 ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և շենք-շինություններ զավթելու նախապատրաստության մեջ, իսկ Գևորգ Սաֆարյանը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության:
Դատախազը նախորդ նիստին հայտնեց, որ դեմ չէ որպեսզի Ժիրայր Սեֆիլյանի պատժաչափը 10,5 տարուց իջեցվի՝ 7,5-ի:
Հավելենք, որ ամբաստանյալների խափանման միջոց կալաքը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: