ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 11-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Բացելով նիստը` Ղազախստանի ԱԳ նարարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:
Նախարարներն անդրադարձ կատարեցին 2017թ․ նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:
Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձավ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրեց, որ երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։