Մեղադրողը դատարանին միջնորդեց կրճատել Սեֆիլյանի պատժի ժամկետը՝ մինչև 7 տարի

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը։ Նիստի ընթացքում մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ մեղադրական ճառով, որի ժամանակ միջնորդեց դատարանին Սեֆիլյանի պատժի ժամկետը կրճատել և 10,5 տարվա փոխարեն դատապարտել 7 տարվա ազատազրկման, Գևորգ Սաֆարյանի և Ներսես Պողոսյանի պատիժը պայմանականորեն չկիրառել, իսկ Գալուստ Գրիգորյանի, Հրայր Թոփչյանի և Սասունիկ Կիրակոսյանի համար սահմանված պատիժը թողնել անփոփոխ:

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց դատական ակտը հայտնել հունիսի 13-ին, 14:00-ին։

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը և մի քանի պատգամավորներ «Ծառուկյան» խմբակցությունից, որոնք փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրեց դատարանին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: