Կարտվելիշվիլին ընդդեմ Վրաստանի

Դիմումատուն՝ Գիորգի Կարտվելիշվիլին, ազգությամբ վրացի է, ծնվել է 1978 թվականին և ապրում է Թբիլիսի քաղաքում։ 2000 թվականին Դիմումատուն դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ սպանություն համար։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատարանի կողմից իր նկատմամբ նշանակված 9 տարի ազատազրկման ձևով պատժին ևս 3 տարի ազատազրկում գումարելու որոշման վերաբերյալ։ 

Հերթական ստուգայցի ժամանակ բանտի հերթապահ հսկիչը Դիմումատուի բանտախցում ծալվող դանակ է հայտնաբերել։ Հիմք ընդունելով Դիմումատուի գործով հետաքննություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների և բանտախցում խուզարկություն կատարած բանտի հսկիչի վկայությունները՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝ բանտի կարգապահական ներքին կանոնները խախտելու համար։ Դատարանը որոշել է Դիմումատուի նկատմամբ նշանակված  9 տարի ազատազրկման ժամկետին մասնակիորեն գումարել 3 տարվա ազատազրկում։ Այսպիսով, Դատարանը Դիմումատուի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 12 տարի ժամկետով:

Բանտի աշխատակիցները դատարանի առջև հաստատել են, որ իրենք Դիմումատուի մահճակալի տակ դանակ են հայտնաբերել, ինչպես նաև ներկայացրել են դանակի բռնագրավման մասին գրավոր զեկույց և բանտում տեսախցիկի միջոցով նկարահանված տեսանյութ՝ Դիմումատուի բանտախցում խուզարկություն կատարելու մասին։

Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ և հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ բանտախցում դանակ պահելու մասին։ Դիմումատուի խոսքերով՝ վերոգրյալ դեպքն իր դեմ կազմակերպված դավադրություն է։ Դեպքը բացահայտելու համար վերջինս պահանջել է հետաքննության շրջանակներում հարցաքննել իր բանտակիցներին, որոնք ներկա են եղել իր բանտախցում կատարված խուզարկությանը, սակայն ապարդյուն։ 2008 թվականին Վրաստանի Գերագույն դատարանը Դիմումատուի բողոքը ճանաչել է անընդունելի։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում և 3-րդ կետի (վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով իրականացված հետաքննության արդարացիության մասին և բանտում պատիժը կրելու ընթացքում իրեն կեղծ մեղադրանք առաջադրելու մասին։ Վերջինս իր բողոքի մեջ նաև նշել է, որ գործի շրջանակներում Դատարանը հաշվի չի առել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 3-րդ կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Վրաստանը պարտավոր է նյութական վնասի համար Դիմումատուին վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 300 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշված գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ