Մ4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41-57-րդ (Սևանի ՃՈ կետից դեպի Երևան) հատվածի շուրջ 16 կմ ընդհանուր երկարությամբ հատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է շինհրապարակ` համոզվելու համար, որ ամեն ինչ պատրաստ է աշխատանքի պատշաճ մեկնարկի համար։
Հունիսի 2-ից Սևանից դեպի Երևան երթևեկելի ուղղության 53-57-րդ կմ ճանապարհահատվածը երթևեկության համար փակվեց։ Մինչ այդ նախարարը տեղում հավաստիացավ, որ ճանապարհաշինական ընկերությունն ապահովել է ճանապարհի` համապատասխան քանակի անվտանգության տարրերով կահավորումը:
Նախարարը զրուցեց նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ` հորդորելով համագործակցել Կապալառու կազմակերպության հետ` առավելագույնս ապահովելու երթևեկության անվտանգությունը շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում։
Աշոտ Հակոբյանը նաև շեշտեց, որ դեպի Սևան ամառային սեզոնի երթևեկն ակտիվանալու դեպքում հանգստյան օրերին շինարարությունը պետք է դադարեցվի` խցանումներից խուսափելու համար։
Իր կողմից շինարարությունն իրականացնող «Ա.Ա.Բ. պրոեկտ» կազմակերպության ղեկավարը խոստացավ պայմանագրով նախատեսված ժամկետներից շուտ ավարտել հիմնանորոգումը` միաժամանակ պահպանելով բարձր որակ։
Նախարարը հանձնարարեց տեխնիկական հսկիչներին սահմանել ամենօրյա հսկողություն, մեծ պատասխանատվությամբ հետևել աշխատանքի ողջ ընթացքին։
Այցի մյուս կանգառը Իջևան – Նոյեմբերյան ճանապարհահատվածն էր։ Այստեղ ևս 3 առանձին հատվածներում, շուրջ 18.3 կմ ընդհանուր երկարությամբ, մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները:
Քայքայված այս ճանապարհահատվածում, ըստ շինարարությունն իրականացնող Կապալառու կազմակերպության, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն սեպտեմբեր ամսին։ Հաշվի առնելով նշված ճանապարհահատվածի բարձր ինտենսիվությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ շինարարության ընթացքում երթևեկությունը չի դադարեցվելու՝ նախարարը պահանջեց աշխատանքի ճիշտ պլանավորում և կազմակերպում՝ ապահովելու երթևեկության անվտանգությունը:
Աշոտ Հակոբյանն այստեղ ևս շեշտեց տեխնիկական հսկիչների խիստ հսկողության կարևորությունը պայմանագրի իրականացման ամբողջ ընթացքում։
Քննարկվեցին նաև նախագծի տեխնիկական այլ մանրամասներ, բյուջեի ճիշտ վերաբաշխմամբ լավագույն արդյունք ստանալու տարբերակները։