Հայերը պետություն հիմնադրեցին ոչ թե փողով, այլ մշակույթով, ոգով․ Արթուր Վաղարշյան

 Legalinfo.am-ը զրուցել է  Իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի հետ։

Պարո′ն Վաղարշյան, նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության 100 ամյակը, և այդ կապակցությամբ եղան շատ հրապարակումներ՝ նվիրված Առաջին հանրապետությանը: Գիտեմ, որ դուք ևս մանրամասն ուսումնասիրել եք Հայաստանի առաջին հանրապետության պետաիրավական համակարգը: Որպես մասնագետ՝ դուք ի՞նչ կավելացնեք այդ հրապարակումներին կամ Ձեր մեկնաբանությունն ինչպիսի՞ն է:

– Առաջին հանրապետության պետաիրավական համակարգի  ողջ պատմությունն իր մանրամասնություններով հետազոտել եմ և արդյունքում ունեմ հրատարկված երեք մենագրական աշխատություններ: Չէի ուզենա արդեն կատարած աշխատանքիս որևէ հատվածը ներկայացնել: Իմ կարծիքով, հրապարակումների մեծագույն մասն ուներ նկարագրական-փաստագրական բնույթ:  Ես այսօր կուզենայի անդրադառնալ 20-րդ դարասկզբին հիմնադրված հայոց պետականության նախադրյալներին, այսինք՝ այն հիմքերին, որոնք պայմանավորեցին ազգային պետության հիմնադրումն ու կայացումը: Այս կապակացությամբ մտորումներն առաջ եկան դեռևս անցած աշնանը՝ հանրային քննարկման առարկա դարձած պատմության հազարամյա գործընթացում Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դերակատարության ու եկեղեցաշինության հարցերի շուրջ հրապարակային մեկնաբանությունների կապակցությամբ: Դրանք մեկնաբանություններ էին, որոնցում ամեն ինչ չափվում ու հաշվարկվում էր փողով:

Փորձեցի վեր հանել հայագիտության մեջ եղած տեսակետը, և հետաքրքիրն այն էր, որ այստեղ Հայաստանի անկախացումը և պետության հիմնադրումը կապվում է միայն երկու գործոն-նախադրյալների հետ՝ ա․ համաշխարհային պատերազմը և ռուսական հեղափոխությունները, բ․ 1918 թ. մայիսյան հերոսական պայքարը:

 Այսինքն՝ դուք մերժո՞ւմ եք այդ մոտեցումը կամ այդ գործոնների դերը:

-Քավ լիցի, ո՛չ: Ես կարծում եմ, որ պատմագիտական տեսանկյունից՝ հարցի բովանդակությունն էապես նեղացվում է: Փորձենք պետականագիտության դիրքերից վեր հանել 20-րդ դարի սկզբին Հայոց պետության հիմնադրման օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններն ու նախադրյալները, և ցույց տալ, որ այդ գործընթացը և համապատասխան նախադրյալների ստեղծումը հայ ժողովրդի պատմության հազարամյակներ տևացող զարգացումների հետևանք են:

Որպեսզի հասկանանք, թե որոնք են Առաջին Հանրապետության հիմնադրման նախադրյալները, պետք է իմանանք, թե ինչ է պետականությունը: Պետության դասական, համառոտ բնութագիրը ենթադրում է երեք համակարգային տարր՝ տարածք, բնակչություն, կառավարման ապարատ՝ իր բոլոր  ատրիբուտներով:

Տարածքը և բնակչությունը համարվում են պետության հիմնադրման բնական նախադրյալներ, այն իմաստով, որ պետությունը պետք է ունենա երկրագնդի ցամաքի որևէ մաս, որում կարող է հռչակել, հիմնադրել իրեն և ի վերջո հաստատել իր գերիշխանությունը: Այդ գերիշխանությունը հաստատվում է ոչ թե զուտ և միայն աշխարհագրական տարածքի նկատմամբ, այլ նաև այնտեղ ապրող բնակչության վրա: Հետևաբար, բնակչությունն  այն բնապատմական սոցիալական հիմքն է, որն անհրաժեշտ է, որպեսզի հռչակվի պետությունը, և որի վրա իր ինքնիշխանությունն է հաստատում նորաստեղծ պետությունը:

Սակայն մեր՝ հայ ժողովրդի դեպքում, խոսքը գնում է ոչ թե վերացական պետության մասին, այլ ազգային-հայկական պետության մասին։ Իսկ դա նշանակում է, որ բնակչության հիմնական մասը պետք է իր ինքնագիտակցությամբ իրեն համարեր հայ, արդյունքում դրսևորեր քաղաքական համաժողովրդական կամք՝ ունենալու ազգային պետություն: Հակառակ դեպքում, այսինք՝ եթե չկա սոցիալական հիմքը, ազգային պետության հիմնադրումը մնում էր հարցականի տակ, իսկ մեր օրերում հարցականի տակ է մնում դրա գոյությունը:

 Այսպիսով, ո՞րն եք համարում հայոց պետության հիմնադրման հիմնական նախադրյալը:

-Հայոց պետության վերածննդի առաջին նախադրյալն ու հիմքը ազգն էր: Այս տեսանկյունից պատմական պարադոքսը և զարմանահրաշ ֆենոմենը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը, որի հայրենիքը բզկտված ու բաժանված էր տարբեր քաղաքակակրթություններին պատկանող մի քանի պետությունների միջև, մինչ 19-րդ դարը լինելով սփռված երկրագնդի և Հայոց աշխարհի տարբեր մասերում, այսինքն՝ չլինելով կոմպակտ, չլինելով միասնական տարածքային, քաղաքական ու տնտեսական ընդհանրություն, կարողացավ դառնալ պետականորեն ձևավորված ժողովուրդ:

Այնպես որ, պետականագիտության տեսանկյունից, հայոց պետության վերածննդի, հիմնադրման նախադրյալներն ու պատճառներն էին ոչ միայն առաջին աշխարհամարտը և ռուսական հեղափոխությունն, ինչպես նաև մայիսյան հերոսամարտերը, այլև սոցիալական նախադրյալը, առաջին հերթին, հայոց ազգի՝ որպես սեփական գոյությունը պետականորեն վերաիմաստավորած ժողովրդի ձևավորումը, իսկ այնուհետև՝ դրա հատված առ հատված կենտրոնացումն Արևելյան Հայաստանում: Այս նախադրյալներն են․ հենց, օրինակ՝ հայ բնակչության կենտրոնացման համար պարտական ենք Ռուսական կայսրությանն ու նրա վարած քաղաքականությանը, ինչպես նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որովհետև այն ևս իրականացրել է հայահավաքություն կամ նպաստել է դրան: Հայ ազգի՝ որպես սեփական գոյությունը պետականորեն վերաիմաստավորած ժողովրդի ձևավորման գործում էական ու գլխավոր դերակատարը ևս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին էր:

 -Որպես հայոց պետության հիմադրման հիմնական նախադրյալը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եք դիտարկում, թե՞ այնուամենայնիվ՝ Սարդարապատի ճակատամարտը:

– Այդպիսի դատողություն պնդելը ճիշտ չէ: Որպեսզի մայրցամաքի որևէ հատվածում գտնվող բնակչությունն հռչակի ազգային պետություն, դրա համար պետք է լինեն մի շարք ներքին և արտաքին նախադրյալներ, մասնավորապես՝  ազգային մշակութային-կրթական, կրոնական-ազգային, ազգային քաղաքական ինքնակազմակերպման նախադրյալ, ռազմական-պաշտպանական և արտաքին-քաղաքական նախադրյալ:

Միայն այս բոլոր նախադրյալների համակցության մեջ է հնարավոր ստեղծել ազգային պետություն, ապահովել ազգի հարատևումը:

Ազգային պետության ինչպես հիմնադրումը, այնպես էլ գոյությունը սերտ կապի մեջ է մշակույթի ու կրթության հետ: Ազգային-մշակութային-կրթական նախադրյալի հիմքերը դրվեցին հայոց գրերի, հայ գրականության ստեղծմամբ, շարունակվեցին միջնադարյան վանական համալսարաններում և բուռն զարգացում ապրեցին 19-րդ դարում, առաջին հերթին՝ հայ ծխական հոգևոր դպրոցներում, իսկ այնուհետև՝ աշխարհիկ կրթական կազմակերպություններում: Այս նախադրյալի պատմությունը հայագիտության մեջ բավականին լավ ուսումնասիրված է: Դրա համար չեմ ուզում մանրամասներ թվարկել: Ուզում եմ փաստել, որ խթանվեց հայ արվեստի և մշակույթի բոլոր ոլորտների բուռն զարգացումը, առանց որի չի կարող լինել կամ կայանալ որևէ ազգ: Որ դրանում կարևոր դերակատարություն ուներ Հայ Առաքելական Եկեղեցին, անհերքելի փաստ է:

Մշակույթը և ազգային կրթությունը կարևոր դեր ունեն պետության հիմնադրման հարցում: Այն ժողովուրդները, որոնք չունեին դա 20-րդ դարի սկզբին, չկարողացան ունենալ սեփական պետություն: Օրինակ կարող են ծառայել Ռուսական կայսրության բազմաթիվ ժողովուրդներ, հենց թեկուզ ներկայիս Ադրբեջանի տարածքի բազմաթիվ, աղվանական կոչված, ժողովուրդները, որոնք չկարողացան անել դա, իսկ այնուհետև ուծվեցին:

 -Խնդրում եմ անդրադառնալ նաև վերոնշյալ մյուս կետերին՝ կրոնական, ռազմական:

-Կրոնն ընդհանրապես ժողովրդի և կամ ազգի կայացման ու նաև պետության ստեղծման գործում էական դերակատարություն ունի: Որպես օրինակ բերենք քրդերին, որոնց մահմեադական կրոնա-մշակութային գործոնը խեղդեց, չեզոքացրեց: Արդյունքում, լինելով  մեզանից շատ ավելին քանակով, ինչպես նաև փոքր Ասիայի որոշ հատվածներում ապրելով կոմպակտ, քրդերը չկարողացան հիմնել իրենց պետությունը և մինչև հիմա էլ չեն կարողանում:

Մեր դեպքում ազգային ու քրիստոնեական հավատքը նպաստեց հայ մարդու ինքնագիտակցության ձևավորմանը, արդյունքում նպաստեց նաև պետականության կայացմանը, առաջին հերթին գաղափարական առումով, իսկ այնուհետև կազմակերպականորեն, այսինքն՝ պետականակերտությանը մասնակցելով ու նպաստելով:

Իհարկե միայն ազգային գաղափարական հիմքերը բավարար չեն պետության ստեղծման համար: Դրա համար անհրաժեշտ է ժողովրդի կամ ազգի կազմակերպում, առաջնորդություն: Այս նախադրյալը ես անվանում եմ ազգային-քաղաքական ինքնակազմակերպում, որը վերաբերում է ազգային-քաղաքական կուսակցություններին, որոնք ձևավորվեցին 19-րդ դարի երկրորդ կեսում՝ Արևմտյան, իսկ այնուհետև՝ Արևելյան Հայաստանում: Դրանց մի մասն ինքնուրույն ազգային էր, մյուսները՝ համառուսական կուսակցությունների սեկցիաներ:

Քաղաքական ուժերի դերակատարությունը պետության հիմնադրման գործընթացում կայանում է նրանում, որ անիշխանության ու քաոսի պայմաններում կարողացան արտահայտել ազգի կամքը, իղձերը, կազմակերպել ժողովրդին, իրականացնել պետականակերտության գործընթացը, ստանձնել նորակերտ պետության ղեկը:

Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ, որ ազգային քաղաքական ուժերի ու խմբերի ձևավորման առաջին և հիմնական նախադրյալն ազգային կրթական համակարգն էր, որը թողարկում էր գրագետ հայեր: Եթե չլինեին գրագետ հայերը, չէին լինի նաև նրանց քաղաքական կուսակցությունները: Հետևաբար, քաղաքական նախադրյալի հիմքում ևս ընկած էր հայ մշակույթն ու կրթությունը:

Քաղաքական նախադրյալի հետ սերտ կապված է ռազմական-պաշտպանական նախադրյալը: Դրա կազմակերպական հիմքերը հայ կամավորական գնդերն ու հայդուկական խմբերն էին: Եթե հայոց պետության կառույցը պետք է նոր ստեղծվեր, Քաջազնունու խոսքերով ասած՝ զրոյից, ապա հայկական բանակը դեռևս պետությունը չհիմնադրած արդեն առկա փաստ էր: Մենք չենք կարող ասել, թե ինչպիսին կլիներ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը, եթե ռազմաճակատում 1918 թ. չլինեին հայկական գնդերը: Տարբերությունը Առաջին և Երրորդ հանրապետության միջև կայանում է նրանում, 1918 թ. պետության կառուցակարգի տարրերից գրեթե ոչինչ չունեինք, բացի բանակից, իսկ 1990 թ. առկա էին պետության ապարատի գրեթե բոլոր տարրերը, բացի բանակից:

 -Պետության կայացման նախադրյալները բաժանեցիք ներքինի ու արտաքինի: Որո՞նք են արտաքին նախադրյալները:

-Պետք է նկատի ունենալ, որ արտաքին քաղաքական նախադրյալը հին աշխարհում որևէ նշանակություն չուներ պետության կազմավորման գործում: Արտաքին-քաղաքական նախադրյալն ընդամենը նպաստող գործոն է, որովհետև, եթե ազգը չունի պետականության հիմնադրման մնացած նախադրյալները, ապա ոչ մի արտաքին-քաղաքական իրավիճակ չի կարող կերտել պետություն: Այսինքն՝ վերը թվարկված նախադրյալների առկայության դեպքում եթե կան արտաքին քաղաքական պայմաններ, ապա օտարի տիրապետության տակ գտնվող ազգը կարող է իրեն հռչակել անկախ և համապատասխան իրավիճակում ճանաչվել միջազգային հանրության կողմից: Օրինակ՝ ԽՍՀՄ փլուզման պայմաններում արտաքին քաղաքական նախադրյալներ ստեղծվեցին Հայաստաին անկախության համար: Գործընթացի շարունակությունը բերեց ՀՀ միջազգային ճանաչմանը: Նույն գործոնները դեր խաղացին Արցախի Հանրապետության կայացման համար: Սակյան բոլոր նախադրյալներից այստեղ առաջնային դարցավ ռազմական-պաշտպանականը: Պետությունն ստեղծված է, սակայն դրա միջազգային ճանաչումը չկա: Սակայն դրա գոյությունն ու ներքին կայացումը, պաշտպանունակությունը երաշխիք է ապագայում ճանաչման համար: ՀՀ երաշխիք է չճանաչված Արցախի Հանարապետության համար: Եթե Առաջին Հանրապետությունը չճանաչվեր միջազգայնորեն, որն ի միջայլոց, անցել է մի քանի փուլեր, ապա նորաստեղծ պետությունը կզրկվեր գոյության արտաքին նպաստավոր պայմաններից:

Պարո′ն Վաղարշյան, սկզբում հիշատակեցիք հանրության քննարկման առարկա դարձած խոսքը՝ փողի մասին: Դրա հետ կապված՝ կմանրամասնե՞ք, և նաև՝ փողի դերակատարությունը  պետության հիմնադրաման գործում ո՞րն է:

– Իսկապես, վերը թվարկված պետության հիմնադրման նախադրյալների մեջ չկա տնտեսականը և փողը: Տնտեսական գործոնը կամ պատճառը էական էր միայն պետության առաջացման վաղնջական, սկզբնական շրջանում, բայց ոչ նոր և նորագույն շրջանում: Տնտեսական գործոնը էական է դառնում պետության գոյության ընթացքում, որովհետև պետության գոյության նյութական հիմքը բյուջեն է: Կարծում եմ, որ արդի աշխարհում տնտեսական գործոնն այդքան էլ էական չէ պետություն հռչակելու համար:  Համենայն դեպս մեր դեպքում այդպես է եղել: Որպես օրինակ՝ կարող ենք բերել հրեաներին, որոնք արդեն մի քանի հարյուրամյակ գտնվում էին աշխարհի ֆինանսատնեսական բարձունքներում, սակայն ազգային պետությունը հիմնադրեցին միայն 20-րդ դարի 2-րդ կեսին, այն էլ համաշխարհային հանրության բարի կամքով ու օժանդակությամբ:

Այսպիսով, տնտեսական նախադրյալը և փողը էական գործոն են դառնում ոչ թե պետության հիմնադրման կամ հռչակման պահին, այլև դրանից հետո պետության կայացման գործընթացում: Հետևաբար, կարող ենք, ի հակառակ որոշ պարոններին անել հետևյալ եզրակացությունները.

Առաջին՝ պետության հիմնադրման համար անհրաժեշտ են վերը թվարկված ու մի շարք այլ գործոններ ու նախադրյալներ: Դրանք փոխկապված են և կազմում են ամբողջական համալիր: Հենց դրանց առկայությունն էր որ հայերն Անդրկովկասում դարձել էին էական տարր, որի հետ հաշվի էին նստում այլ ազգերը, արտաքին ուժերը, այդ թվում նաև մեր թշնամիները:

Երկրորդ՝ հայերը 20-րդ դարասկզբին իրականացրեցին իրենց ազատասեր նախնիների սուրբ պատգամը և պետությունը կերտեցին ոչ թե տնտեսությամբ ու փողով կամ դրա շնորհիվ, այլև ազգային ինքնագիտակցության կարևոր տարրերով՝ մշակույթով ու կրոնով,

Երրորդ՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման նախադրյալների մեծ մասի հիմքում ընկած են մշակութային գործոնները: Իսկ այդ մշակույթի ստեղծման բազմադարյան գործընթացում էական դերակատարություն է ունեցել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Ուրեմն ազգային պետության վերածննդի համար մենք՝ ներկայիս հայերս, առաջին հերթին պարտավոր ենք Հայոց եկեղեցուն և հատկապես նվիրյալ նահատակներին, հետո մնացած բոլոր կառույցներին:

Ո՞րն է պատմության դասերից քաղած օրինաչափությունը մեր օրերի համար:

-Պատմության դասերից քաղած պատգամն այսօրվա համար կարող ենք ձևակերպել այսպես. ոչ միայն հացիվ, այլ նաև բանիվ, ոչ միայն տնտեսություն և փող, այլ նաև ու հատկապես մշակույթ, ոգի, կամք:

Մեկնաբանություններ