Տարոն Սիմոնյանը` Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ

Taron SimonyanՈւրախությամբ հայտնում ենք, որ «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն, Երևանի պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Վարդանի Սիմոնյանը Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից ստացել է միջազգային արբիտրի հավաստագիր: Նշենք, որ պալատում Տ. Սիմոնյանը ՀՀ քաղաքացի հանդիսացող երկու արբիտրներից մեկն է: Առկա տվյալներով, Հայաստանի հարևան երկրներից Եվրոպական արբիտրաժային պալատի անդամ են, համապատասխանաբար, Վրաստանի` 5, և Ադրբեջանի` 1 քաղաքացի:

Արբիտրաժային կարգով գործերի քննությունը ներկայիս ապրանքադրամական շրջանառության պայմաններում առանձնապես կարևոր է այն առումով, որ ապահովում է վեճերի լուծման համար այն արագագործությունը, որը հատկապես կարևոր է գործարար անձանց համար: Եվրոպական արբիտրաժային պալատի առանձնահատկություններից մեկն այն է, որ արբիտրաժ դիմած կողմերը վստահ են լինում, որ կայացված որոշումները պայմանավորված չեն լինի քաղաքական ենթատեքստով, կապահովվի արբիտրների բացարձակ անկախությունը, իսկ վարույթային կարգը միասնական է և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Արբիտրները հրավիրվում են տարբեր երկրներից և իրավագիտության, գործարար և գիտական շրջանակների արհեստավարժ ու ճանաչված մասնագետներ են: 

Եվրոպական արբիտրաժային պալատի մյուս կարևոր առանձնահատկությունը ամենատարբեր ոլորտների համար անհրաժեշտ փորձագիտական ռեսուրսների առկայությունն է, որը ևս համապատասխանում է միջազգային չափանիշներին: Որպես փորձագետներ ընդգրկված են Եվրամիության անդամ երկրներից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, ասիական երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից հրավիրված մասնագետներ:

EAChԵվրոպական արբիտրաժային պալատի հիմնական խնդիրներն են միջազգային արբիտրաժի միասնականացումը և զարգացումը, որը պետք է սերտացնի այս ոլորտում Արևմտյան և Արևելյան Եվրոպաների միջև համագործակցությունը: Պալատի գործունեության հիմնական ուղղություններից մեկը Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի կենսագործումն է, քանի որ այժմյան միջազգային տնտեսական և գործարար շրջանառությունը արդեն պարտադրում է նման կառույցի գոյությունը: Այսօր արդեն օտարերկրյա ռեզիդենտների հետ կնքվող պայմանագրերի մեծ մասում առկա է արբիտրաժային համաձայնություն:

Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանը, Եվրոպական արբիտրաժային պալատի շրջանակներում գործելով, ղեկավարվում է Բելգիայի դատական օրենսգրքով և իր կանոնադրությամբ:

Եվրոպական արբիտրաժային պալատի անդամներ են.
  • արհեստավարժ իրավաբաններ
  • իրավաբանական ընկերությունների գործընկերներ
  • դատավորներ
  • մեդիատորներ (միջնորդները)
  • գործարարներ
  • քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ
  • գիտնականներ և հասարակական գործիչներ` Եվրոպական Միության անդամ երկրներից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, ասիական երկրներից և այլն:
Եվրոպական արբիտրաժային պալատի կազմում գործող Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի (ՄԱԱԴ) առավելություններն են.
  • ՄԱԱԴ աշխատակիցները իրավագիտության, ֆինանսների, ֆոնդային շուկայի, տնտեսության, ապահովագրական ոլորտների առաջատար մասնագետներ են, ինչը համարվում է գլխավոր առավելությունը գործարարների և այլ շահագրգիռ անձանց համար
  • ֆինանսական և ապահովագրական մասնագիտացումների առկայությունը
  • արբիտրաժի կազմում ընդգրկվում են տարբեր երկրներից հրավիրված փորձագետներ
  • արբիտրաժի գործունեությունը նպաստում է եվրոպական իրավունքի կիրարկմանը:
Երիտասարդ իրավաբանների մասնագիտական առաջխաղացման նպաստումը

Եվրոպական արբիտրաժային պալատի ջանքերի նշանակալի մասը ուղղված է երիտասարդ իրավաբանական ընտրանու ձևավորմանը:

Այս ուղղությամբ հիմնական նպատակներից է բարձր մակարդակի կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են եվրաինտեգրմանը. ծրագրերում ներգրավվում են բարձր որակավորում ունեցող իրավաբաններ, դիվանագիտական ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, գործարար շրջանակների անվանի ներկայացուցիչներ:

Եվրոպական արբիտրաժային պալատի համար առաջնային նշանակություն ունի համագործակցությունն այլ միջազգային արբիտրաժային միությունների, բուհերի ,եվրոպական իրավունքի դպրոցների  հետ, իրականացվում են մասնագետների փոխանակման ծրագրեր, երիտասարդ իրավաբանների ստաժավորում:

Ինչպե՞ս դիմել Եվրոպական արբիտրաժային պալատի կազմում գործող ՄԱԱԴ

Արբիտրաժային դատարանին դիմել ցանկացող կողմը (ՄԱԱԴ կանոնադրության համաձայն` հայցվոր) ուղարկում է իր գրավոր պահանջը (հայց) ՄԱԱԴ քարտուղարություն:

ՄԱԱԴ քարտուղարությունը Բրյուսելում է: Մինչև գրանցման գումարի վճարումը, որի չափը որոշվում է «արբիտրաժային գանձումների և ՄԱԱԴ ծախսերի վերաբերյալ» որոշմամբ սահմանված կարգով, հայցը չի համարվում ներկայացված: Գրանցման համար վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: Հայցվորի կողմից գրանցման համար նախատեսված գումարի վճարման հաստատումը ստանալուց հետո հայցը համարվում է ընդունված, և դրանից հետո ՄԱԱԴ քարտուղարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում կողմերին է ուղարկում արբիտրաժային վարույթը սկսելու մասին որոշումը:

Legalinfo.am