Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադառձավ երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը, համարելով դա թյուրիմածություն, քանի  որ վերջինս  հրավիրված եղել է:

«Կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել: Իհարկե ԱԺ նախագահը հրավիրված է եղել, ինչ վերաբերվում է հանձնաժողովների նախագահներին, կարծում եմ՝ ցավալի թյուրիմացություն է եղել: Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու քանի որ հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ունենա, այդպիսի թյուրիմացություններ կլինեն: Համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու։ Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի հետ կապված միջոցառումների հետ կապված որոշակի խնդիրներ կային, որոնք հետագայում կշտկվեն. «Այդ միջոցառումը, ընդհանուր առմամբ ընդունելի և հասկանալի լինելով՝ մի շարք դրվագներով ուղղակի անընդունելի բաներ և թյուրիմացություններ ուներ: Ես համոզված եմ, որ առաջիկայում որոշ շտկումներ կլինեն»:

Մեկնաբանություններ