«Մենք չենք պատրաստվում լինել բիզնես կենտրոնի անդամներ». Ուսանողները հանդես եկան հայտարարությամբ

Քիչ առաջ դասադուլ հայտարարծ ուսանողները՝ իրազեկման երթ իրականացնելուց հետո, նորից վերադարձան ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց, որից հետո  «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ:

Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ իրենք ունենք 4 պահանջ՝ Արամ Սիմոնյանի հրաժարականը, համալսարանում աուդիտի անցկացում, հոգաբարձուների խորհուրդի լուծարում և ուսանողական խորհուրդի գործունեության ժամանակվոր կասեցում:

«Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել արժեքների և սկզբունքերի հեղափոխություն, և մեզ մոտ այժմ տեղի է ունենում մշակութային հեղափոխություն»,- ասաց նա:

Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ մինչև ԵՊՀ-ում չստեղծվեն ուսանողների և դասախոսների համար արժանապատիվ պայմաններ, սովորելու և դասավանդելու համար անհրաժեշտ նախադրյալներ՝ հեղափոխությունը ԵՊՀ չի մտնի:

«Մենք չենք պատրաստվում լինել բիզնես կենտրոնի անդամներ: Համալսարանում չկա ակադեմիական ազատություն, համալասրանում մինչև հիմա ուսանողներին հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար: Եթե բուհում չկա ակադեմիական ազատություն, այդ բուհը չի կարող կոչվել մայր բուհ: Այստեղ խնդիրը ոչ թե մայր բուհի մեջ է, այլ մի քանի անձանց, որոնց հանդուրժել այլևս չենք կարող»,- հայտնեց նա:

Այնուհետև ուսանողները մտան ԵՊՀ գլխավոր մասնաշենք և շարժվեցին  ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ՝ նրան իրենց պահանջները ներկայացնելու համար:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց ուսանողների հետ: Դավիթ Պետրոսյանն առաջարկեց տեղափոխվել Գիտխորհրդի դահլիճ, որպեսզի մյուս ուսանողները ևս հնարավորություն ունենան ներկա գտնվել հանդիպմանը և որոշեցին տեղափոխվել Գիտխորհրդի դահլիճ: