ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության որոշմամբ իրեն հատկացված առանձնատնից, այս մասին նա հայտարարել է այսօրվա կառավարության նիստի ժամանակ:
«Դուք բոլորդ այն կառավարության անդամներն եք, որը շաբաթներ առաջ ընդունեց որոշում՝ Հանրապետության երրորդ նախագահին հատկացնել Կոնդի յոթ առանձնատներից մեկը, որտեղ երբևէ չէին բնակվել ո՛չ առաջին նախագահը, ո՛չ էլ երկրորդ նախագահը: Իհարկե, ծանոթ եմ այն հիմնավորումներին, փաստարկներին, որոնք հիմք են հանդիսացել այդ որոշումը կայացնելու համար: Դրանք տրամաբանված փաստարկներ են, և ես, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում քննարկումների ժամանակ հնչեցրել եմ այդ փաստարկները՝ պաշտպանել եմ ձեր որոշումը: Շատ շնորհակալ եմ այդպիսի որոշման համար, բայց այսօր ես եմ կառավարության ղեկավարը և ես եմ նստած նիստը անցկացնողի աթոռին: Սա այլ իրավիճակ է: Ուստի ես որոշում եմ կայացրել հրաժարվել այդ տան նկատմամբ սեփականության իրավունքից հենց առաջին նիստի ժամանակ, որը ես կանցկացնեմ, այսինքն՝ այսօր: Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ, կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը: Մեկ անգամ ևս ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այդպիսի որոշում ընդունելու համար»,-ասել է նա: