Ռուբցովը և Բալայանն ընդդեմ Ռուսաստանի

 Գործի շրջանակներում Դիմումատուները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրենց կալանավորման օրինականության, արդարացիության և երկար ժամկետի վերաբերյալ։ 

Առաջին Դիմումատուն՝ Ալեքսանդր Ռուբցովը, ազգությամբ ռուս է, ծնվել է 1965 թվականին և ապրում է Մոսկվա քաղաքում։ Դիմումատուն անուղղակիորեն հանդիսանում է Մոսկվայում գործող մի ձեռնարկության սեփականատերերից մեկը և համաձայնության է եկել վաճառել այդ ձեռնարկությունը մեկ այլ ձեռնարկությանը։

2013 թվականի հոկտեմբերի 1-ին առաջին Դիմումատուն կալանավորվել է՝ խարդախության կասկածանքով։ Դիմումատուի գործով հետաքննության ժամանակ պարզվել է, որ ձեռնարկությունը, որը անհավանական ցածր գնով գնել է Դիմումատուին պատկանող ձեռնարկությունը, նույնպես պատկանում է առաջին Դիմումատուին։

2013 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանում դատական նիստ է կայացել՝ Դիմումատուի նկատմամբ խափանման միջոց կիրառելու նպատակով։ Նույն թվականի հոկտեմբերի 21-ին Մոսկվայի քաղաքային դատարանը Դիմումատուի նկատմամբ կիրառել է կալանավորումը՝ որպես խափանման միջոց։

2013 և 2014 թվականներին Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Դիմումատուի կալանավորման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացրել։ 2014 թվականի մարտի 28-ին Օստանկինսկի շրջանային դատարանը նույնպես երկարաձգել է Դիմումատուի կալանքի ժամկետը։ Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն նույն թվականի մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը որոշումը թողել է անփոփոխ։

2015 թվականի ապրիլի 10-ին Դիմումատուի նկատմամբ Մոսկվայի քաղաքային դատարանը, ի վերջո, գրավ է կիրառել։ Նույն թվականի ապրիլի 17-ին Դիմումատուն վճարել է գրավը և ազատ է արձակվել։

2014 թվականի ապրիլի 21-ին Դիմումատուն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում։

 Երկրորդ Դիմումատուն՝ Գագիկ Բալայանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1966 թվականին, ապրում է Մոսկվա քաղաքում։ 2014 թվականի սեպտեմբերի 15-ին քրեական գործ է հարուցվել՝ սնանկ ճանաչված բանկի միջոցների ապօրինի յուրացման վերաբերյալ։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին երկրորդ Դիմումատուն, որը հանդիսանում է այդ բանկի սեփականատերը, կալանավորվել է՝ առանց պահանջի մուրհակ ձեռք բերելու միջոցով բանկի հաշվից գումար փոխանցելու կասկածանքով։

2014 թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանը երկրորդ Դիմումատուին կալանավորելու որոշում է կայացրել։ Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ և իր բողոքի մեջ նշել է, որ հանցանքը կատարել է ձեռնարկատիրության ոլորտում իր գործունեության շրջանակներում։

2014 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը և հաստատել է Մոսկվայի Տվերսկոյ շրջանային դատարանի կայացրած որոշումը՝ Դիմումատուին կալանավորելու մասին։

2015 թվականի փետրվարի 18-ին Դիմումատու Բալայանը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և նշել, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում և 5-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ երկու Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք) խախտում։

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել յուրաքանչյուր Դիմումատուին 5.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ