Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքից ժամեր անց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի առթիվ: Արդեն այսօր ՔԿ-ն իր պաշտանական էջում հրապարակում է քրեական գործ հարուցելու մասին:
«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։
8 անձ ճանաչվել է տուժող: Դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, պայթյունատեխնիկական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ»,-ասվում է հրապարակման մեջ:
Հիշեցնենք, որ 8 տուժած անմիջապես տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բոլոր տուժածների մոտ առկա են ստորին վերջույթների, փափուկ հյուսվածքների քերծած վերքեր։
Տուժածներից մեկի մոտ պայթյունի հետևանքով առաջացելէէ աջ զստոսկրի և աջ ազդրի շրջանի կտրած, պատռած վերքեր, ում անմիջապես վիրահատել են: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ մյուս 6-ինը` միջին ծանրության: Այսօր տուժածներից մեկը դուրս է գրվել։
Նշենք, որ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից.