Օզգյուն Օզթունչն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուն՝ Օզգյուն Օզթունչն, ազգությամբ թուրք է, ծնվել է 1974 թվականին և ապրում է Ստամբուլում։ Գործը վերաբերում է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու մասին որոշմանը։

2004 թվականի հունվարի 13-ին մի շարք անհատ ձեռնարկատերերին պատկանող տներ և գրասենյակներ խուզարկության են ենթարկվել` «սպիտակ օձիքով աշխատող» (հանցագործություններ իրականացնող պետական պաշտոնյաներին բնութագրող արտահայտություն․ անգլերենից «white-collar worker») հանցավոր խմբավորման մեջ ներգրավված լինելու կասկածանքով։

Այսպիսով, ոստիկանությունը կալանավորել է Դիմումատուին այն գրասենյակում, որտեղ նա փաստաբանական գործունեություն է ծավալել և հետաքննություն է իրականացրել այդ տարածքում։

2005 թվականի մայիսի 10-ին Վճռաբեկ դատարանը Դիմումատուին մասամբ արդարացնելու վճիռ է կայացրել։ 2005 թվականի հունվարին Դիմումատուն իրեն պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայց է ներկայացրել Արդարադատության նախարարություն, սակայն նրա հայցը մերժվել է։ Այնուհետև Դիմումատուն հայց է ներկայացրել Վարչական դատարան, սակայն դատարանը պատասխանել է, որ Դիմումատուի գործով հետաքննություն իրականացնելն իր իրավասությունների մեջ չի մտնում։ Թուրքիայի Գերագույն Վարչական դատարանը նույնպես մերժել է Դիմումատուի հայցը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իրավաբանական գրասենյակը խուզարկելու և բռնագրավելու որոշման օրինականության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

 Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել  2.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։