Դատարանը բավարարել է ՀՀ դատախազության վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Լիճքում 2015թ. կատարված խուլիգանության և սպանության գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռի դեմ մարզի դատախազության վերաքննիչ բողոքը:

Ապօրինաբար Արթուր Իրիցյանին դիտավորությամբ կյանքից զրկելու, ապօրինի կերպով հրազեն պահելու, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով քննված քրեական գործով կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորված էր համարվել, որ Արմեն Գորոյանը, Էդգար և Էդուարդ Սրքոյանները, Աշոտ Ավետիսյանը, Գառնիկ Նիկողոսյանը և Արիստակես Բարսեղյանը գործով չպարզված 4-5 անձանց հետ, 2015թ. հունվարի 26-ին՝ ժամը 15-ի սահմաններում, 5 ավտոմեքենաներով գնացել են Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին գտնվող բենզալցակայանի և դրան կից հասարակական սննդի սպասարկման ու ավտոտեխսպասարկման կետերի տարածք, որտեղ պատահաբար հանդիպել են Լիճք գյուղի բնակիչ Արայիկ Իրիցյանին: Վերջինիս եղբոր՝ Արթուր Իրիցյանի գտնվելու վայրը հեգնական տոնով հարցնելուց և նրան կանչելու պահանջ ներկայացնելուց հետո, խմբի կազմում խուլիգանություն կատարելու նպատակով, նրանք անտեսելով տարածքում անձանց ներկայությունը, ոտքերով ու ձեռքերով հարվածներ են հասցրել Արայիկ Իրիցյանի մարմնի տարբեր մասերին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության անդամների, այդ թվում՝ հասարակական կարգի խախտումը խափանելու փորձ կատարող անձանց նկատմամբ: Այդ ընթացքում Արմեն Գորոյանը, անտեսելով տարածքում այլ անձանց ներկայությունը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու ցանկությամբ, տևական ժամանակ՝ շուրջ 5 րոպե, տվել է բարձրաձայն հայհոյանքներ և նախապես ձեռքը վերցրած որպես զենք օգտագործվող մահակով մեկ անգամ հարվածել է Արայիկ Իրիցյանի գլխին՝ պատճառելով արյունազեղում:

Այնուհետև Արմեն Գորոյանը նույն օրը, ժամը 15:20-ի սահմաններում, գտնվելով Լիճք գյուղի «Արցախյան պատերազմում զոհվածների» հուշարձանի տարածքում, նկատել է, որ համագյուղացի Արթուր Իրիցյանը՝ Արայիկ Իրիցյանի եղբայրը, և իր ընկեր Աշոտ Ավետիսյանը վիճաբանում են, և Արթուր Իրիցյանը ձեռքին գտնվող զենքի խզակոթով ու բռունցքով հարվածում է Աշոտ Ավետիսյանին: Արմեն Գորոյանն ապօրինաբար Արթուր Իրիցյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, մոտ 3 մետր հեռավորությունից, իր կողմից ապօրինի կրած «Մակարով» տեսակի ատրճանակից մեկ անգամ կրակել է Արթուր Իրիցյանի որովայնին՝ պատճառելով հրազենային, գնդակային, թափանցող, կույր վնասվածք, որի հետևանքով վերջինս Մարտունու բժշկական կենտրոնում նույն օրը մահացել է:

Նշված արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել՝ Արմեն Գորոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, Աշոտ Ավետիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գառնիկ Նիկողոսյանին, Արիստակես Բարսեղյանին, Էդուարդ Սրքոյանին և Էդգար Սրքոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2017թ. հուլիսի 14-ի դատավճռով՝ Արմեն Գորոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 3 տարի ժամկետով ազատազրկումը:

Դատավճռով Աշոտ Ավետիսյանին և Արիստակես Բարսեղյանին առաջադրված մեղադրանքները վերաորակվել են և վերջիններս մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ դատապարտվելով տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ Գառնիկ Նիկողոսյանը, Էդուարդ Սրքոյանը և Էդգար Սրքոյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արդարացվել են:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն  ընդունվել է վարույթ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քրեական գործի քննության արդյունքում 2018 թվականի մարտի 20-ի որոշմամբ բեկանել և փոփոխել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանի որոշմամբ

Արմեն Գորոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 10 տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ դատապարտելով 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով 2 տարի ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Արմեն Գորոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 13 տարի ժամկետով ազատազրկումը:

Աշոտ Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկումը:

Արիստակես Բարսեղյանը,  Գառնիկ Նիկողոսյանը,  էդուարդ Սրքոյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ պատիժ է նշանակվել 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկումը: էդգար Սրքոյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով:

Մեկնաբանություններ