Նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները

Investigative Committee of RAՀՀ Նախագահի հրամանագրերով սեպտեմբերի 12-ին նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 4 տեղակալները: 

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը: Նա Նախագահի այլ հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, որը ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով ազատվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնից: 

Կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակվել Վահագն Հարությունյանը:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արթուր Ղամբարյանը: 

Ավելի վաղ` 2014 թ. հուլիսի 18-ին, ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ:

2014թ. մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Օրինագծով նախատեսված էր նոր պետական մարմնի` միասնական քննչական կոմիտեի ստեղծումը` նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը և նախաքննության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով: Քննչական կոմիտեի հիմնական լիազորություններն են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը եւ իրականացումը և իր լիազորությունների շրջանակներում հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների բացահայտումը:

Քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև ՀՀ քննչական դեպարտամենտը:

Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են՝ կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, վարչությունները և բաժինները, զինվորական քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ վարչության բաժինները (բաժանմունքները) և կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները), Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները, մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են՝ մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները):

Քննչական դեպարտամենտն ապահովում է ՀՀ քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մաuնակցությունը:

Քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ նշանակում է ՀՀ Նախագահը:

Մեկնաբանություններ