Վկաները Անդրիաս Ղուկասյանին դեպքի օրը չեն նկատել. հարցաքննվեցին տուժողները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։Այսօրվա նիստի մեկնարկին դատարանը ներկայացրեց նախորդ դատական նիստի ավարտին,  պաշտպան Կարեն Մեջլումյանի՝ ամբաստանյալի խափանման միջոցի փոխման վերաբերյալ միջնորդության որոշումը։

Դատարանը միջնորդությունը մերժեց, այն չհիմնավորված լինելու հիմքով։ Այսօր շարունակվեց վկանների հարցաքննությունը։ Դատարան հրավիրվեց տուժող Փայլակ Մնացականյանը։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդեց տուժող Փայլակ Մնացականյանին հանել դատակոչի ցուցակից, քանի որ նա որպես տուժող ներառված է մեկ այլ քրեական գործի մեջ. «Մեղսագրվող արարքի հետ չկապված նոր քրեական գործ է հարուցվել, ուստի միջնորդում եմ դատակոչի ցուցակից հանել և չհարցաքննել»,-ասաց նա։

Մեղադրողն իր հերթին առարկեց միջնորդության դեմ, արդյունքում, դատարանը  մերժեց միջնորդությունը։

Տուժողը Ոստիկանության զորքերի հրաձիգ է։  Փայլակ Մնացականյանը նշեց, որ ՊՊԾ գունդը գրավելուց հետո, դեպքի օրը 2016 թվականի հուլիսի 29-ին  ինքը ոստիկանության աշխատաիցների հետ միասի  ծառայություն է իրականացրել գնդի հարակից տարածքում, իսկ Խորենացի փողոցին հարակից զանգվածային միջոցառումների ժամանակ անցկացրել են ուժեղացված հսկողություն։ Նա նշեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոքի դեպքի օրը չի հիշում, նաև չէր հիշում Անդրիաս Ղուկասյանին։ Տուժողը հայտնեց, որ ժողովրդի առաջ գալը կանխելու համար ոստիկանության կողմից կիրառվել են հատուկ միջոցներ։

Փայլակ Մնացականյանը  չհիշեց, թե քանի անգամ է ոստիկանությունը  լուսաձայնային հատուկ միջոցներ կիրառել ցուցարարների նկատմամբ։  Վկան պնդեց, որ կրակոցներ  է լսել  ՊՊԾ գնդի կողմից, նաև նշեց, որ վիրավորում է ստացել ձախ կողմից, որտեղ էլ գտնվել է գունդը։

Հարցաքննվեց նաև մեկ այլ տուժող  Գարիկ Պետրոսյանը, ով ևս հանդիասնում է ոստիկանության աշխատակից։ Ըստ նրա՝ ինքը ծառայություն է իրականացրել Խորենացի փողոցում, սակայն հուլիսի 29-ին բարձրացել է Սարի թաղ։

Ըստ Գարիկ Պետրոսյանի՝ ոստիկանների ուղղությամբ քաղաքացիները քարեր, շշեր են նետել, քարերից մեկի հարվածից ինքը վիրավորվել է՝ մկանային ցավեր է ունեցել, արդյումքում  ներարկում է ստավել։

Հարցաքննվեց նաև տուժող Արամ Հովհաննիսյանը՝ ոստիկանության աշխատակից։
Նա պատմեց, որ դեպքի օրը քաղաքացիները ցանկացել են առաջ գնալ և միանալ ՊՊԾ գունդը գրաված տղաներին. «Ուզում էին առաջ անցնել, միանալ իրենց։ Քաղաքացիների կողմից հնչել են վիրավորական խոսքեր ոստիկանների հասցեին։ Նետել են քարերով շշեր, բենզինով շշեր, ապակե շշեր, պլաստմասե շշեր ավազով լցված, նույնիսկ իմ ուղղությամբ քար են նետել» ,- պատմեց նա։

Տուժողը նշեց, որ դեպքի օրը ինքն իր կրծքավանդակի հատվածում վիրավորում է ստացել, սակայն հատկանշական է, որ դատարանում ցույց տվեց կողը։

Տուժողը պատմեց, որ տեսել է Զարուհի Փոստանջյանին. «Զարուհի Փոստանջյանն ուզում էր միանալ ՊՊԾ գնդին, ինքն էր ղեկավարում, ինքն ու Արմեն Մարտիրոսյանը»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ ինքը տեղյակ չէ թե ցուցարարները ինչու էին ուզում  միանալ ՊՊԾ գնդին։

Նա նշեց, որ քաղաքացիները բանակցում էին, որ շղթան բացվեր,որպեսզի միանան ՊՊԾ գնդին։ Հատկանշական է, որ տոժողը չէր ճանաչում իր հրամանատարներին և համածառայակիցներին։ Այդ փաստը նա մանրամասնեց, որ ամեն օր համակարգում  փոփոխություններ են լինում։

Տուժողը նշեց նաև, որ բենզինով լի շիշ է նկատել, ինչից էլ կրակ է բռնկվել տարածքում։

Հավելենք, որ նա դեպքի օրը ամբաստայալ Անդրիաս Ղուկասյանին չի տեսել։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի  20-ին։

Մեկնաբանություններ